Jump to content

Էջ:Arakel of Tabriz, History.djvu/410

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

սպանում եք, այդ դուք գիտեք»։ Իսկ նրանք, որոնք վրեժխնդիր մահմեդականներ էին, ստիպում էին դատավորին մահվան վճիռ կտրել Նիկողայոսի վերաբերյալ, որ սպանեն նրան, և դատավորը վճռեց։

Իսկ մահմեդականները, որոնք չար գազանի նման ծարավի են քրիստոնյաների արյան, Նիկողայոսին ու վճիռը առան, տարան փաշայի մոտ, որի անունն է Մուստաֆա փաշա և հայտնեցին նրան ամենը շատ ամբաստանություններով։ Փաշան ասաց Նիկողայոսին. «Լսիր իմ խոսքերին և դարձիր Մահմեդի պայծառ հավատին, որով պայծառացել է ամբողջ աշխարհը, ինչպես տեսնում ես, իսկ ես քեզ կնշանակեմ մշտապես ինձ համար իմ առջև սպասավոր և իբրև որդու կընդունեմ քեզ, կտամ քեզ շատ դրամ և թանկագին ունեցվածք, իշխանների աղջիկ կին, ումը որ կամենաս, պետական պաշտոն և ուրիշ շատ բարիքներ»։ Նիկողայոսը պատասխանեց, «Այդ բարիքներից ոչինչ ինձ պետք չէ ամենևին, իսկ եթե ինձ բարություն ես անում, թող ինձ ապրեմ իմ հավատով, իսկ եթե ինձ իզուր դատապարտում և սպանում եք, դուք գիտեք»։

Բազմաթիվ անգամ փաշան ասաց. «Կտամ քեզ մեծություն, փառք, եթե քո հավատից հրաժարվես և ընդունես Մահմեդի հավատքը»։ Բայց Նիկողայոսը չդարձավ մահմեդական։ Իսկ մահմեդականները շատ խոսքերով թախանձում էին փաշային Նիկողայոսին սպանելու հրաման վճիռ արձակելու։ Երբ փաշան իմացավ, որ Նիկողայոսը չի դառնա, ապա նրան սպանելու վճիռ ու հրաման տվեց։

Այդ ժամանակ դահիճների խումբը հավաքվեց նրա գլխին և մերկացրին նրան, գլուխը բաց ու բոկոտն, ձեռքերը ետևը կապված առան նրան, տարան, պտույտ տալու քաղաքի բոլոր տեղերում։ Իսկ մունետիկը նրա առջևից հայտարարելով գնում էր։ Նրան տարան մեծ հրապարակի մեջ, այնտեղ, որտեղ մահապարտների ձեռքերն ու ոտքերը քարի վրա կոտրատում են, որ հաստատված է այնտեղ։ Այնտեղ ևս շատ անգամ դահիճները ասացին. «Քո հավատից հրաժարվիր և ընդունիր Մահմեդի հավատը, էլ մի համառիր, որովհետև ահա այժմ կոտրատում ենք քո ձեռքերն ու ոտքերը։ Այդպես և այլ մահմեդականներ էին ասում, իսկ