Էջ:Arakel of Tabriz, History.djvu/416

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Խաչատուրը դահիճներին ասաց, թե՝ «Քերթեցեք ինձ իմ հավատի և այն սիրո համար, որ ունեմ իմ Քրիստոս աստծու նկատմամբ»։ Այդ ժամանակ անօրեն ու մարդադեմ գազան դահիճները աջ ուսից մինչև ձախ ուսը պատռեցին նրա մարմնի մորթին և թիկունքի կաշին քերթեցին, մինչև քամակը իջեցրին, կաշին շուռ տվին մեջքի վրա․ նաև առջևի կողմից քերթեցին լանջի մորթին մինչև ստիքների տակը և մորթին շրջեցին փորի վրա։ Ապա տարան, շրջեցրին քաղաքի մեջ, շուկաներում, պողոտաներում, փողոցներում, հրապարակներում։ Այս զարմանալի գործին ի տես ամեն ոք աճապարանքով գնում էր, տղամարդ, կին, ծեր, երեխա նաև միանգամայն անարգել աղջիկներ[1]։ Բոլորը սարսռում էին։ Իսկ սուրբ Խաչատուրի տեսքն ու կերպարանքը զվարթ էր ու պայծառ իբրև հրեշտակի, և այդքան տանջանքից չէր թուլանում։

Նախ ինքը՝ Խաչատուրը, նախապես սովորել էր Նասիմի շատ երգեր, որոնք Նասիմին ինքն էր ասել իր նահատակության և Քրիստոսի տնօրինության (մարդեղության) վրա իբրև աստվածաբանություն։ Այդ երգերը այժմ այս Խաչատուրը բարձրաձայն եղանակով երգում էր իր քերթված լինելու վրա և շրջում քաղաքում ամեն տեղ, ուր որ տարան նրան դահիճները։

Երբ շրջեցնելը ավարտվեց, դահիճները նրան բերին մեծ հրապարակ՝ այն տեղը, որտեղ մահապարտների ձեռքերն ու ոտքերը ջախջախում են։ Մահմեդականները ժամ առ ժամ ավելի էին հավաքվում ու բազմանում. նաև բազմաթիվ քրիստոնյաներ եկան, հավաքվեցին այդտեղ և դիտում էին այդ։ Դահիճները Խաչատուրի հետ խոսեցին, թե՝ «Մի համառիր և ընդդիմացիր իշխանների հրամաններին, ընդունիր մեր կրոնը և փրկիր քեզ մահից, որովհետև դեռևս հնար ունես ապրելու և դեղերով բժշկվելու։ Այսպես ասում էին նաև այլ մահմեդականներ ու իշխաններ, թե՝ «Գոնե մի խոսք ասա մեր հավատքի դավանությունից, և այդ բավական կլինի, որ մենք պատճառ բռնենք և դրանով ազատենք քեզ»։ Նաև մոլլաներից ոմանք Խաչատուրին ասում էին, «Թեպետ և մեռնում

  1. Աղջիկների փողոց դուրս գալը արգելված էր։