Jump to content

Էջ:Arakel of Tabriz, History.djvu/417

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ես, կորցնում քո պատանեկությունը և զրկվում այս կյանքից, բայց քո հոգին մի մեռցնի, որ այն կյանքից ևս չզրկվես։ Արդ՝ քո կյանքի վերջում ընդունիր Մահմեդի հավատի դավանությունը, որ ապրի քո հոգին և ժառանգի անանց կյանքը։ Սուրբ Խաչատուրը բոլորովին ոչ մեկին չլսեց, այլ յուրաքանչյուրին պատշաճ պատասխան էր տալիս և անսասան կանգնած էր քրիստոնեական հավատքի վրա և համարձակ ու անխափան Քրիստոս աստծուն էր դավանում։

Նախօրոք հրապարակի վրա հաստատել էին մի քար, որի վրա ջախջախում էին մահապարտների ձեռքերն ու ոտքերը։ Դահիճները Խաչատուրին ասացին․ «Քանի որ համառում ես և մեզ չես լսում, այժմ տարածիր քո ձեռքերը քարի վրա, որպեսզի ջախջախենք»։ Նա իր հոժար կամքով ձեռքերը տարածեց քարի վրա, իսկ դահիճները կացնով խփեցին և ջախջախեցին երկու ձեռքերի բազուկները։ Ապա պահանջեցին ոտքերը, իսկ նա տարածեց նաև երկու ոտքերը, և դահիճները ջախջախեցին երկու ոտքրի ոլոքները։ Իսկ նրա սուրբ արյունը, որ հորդառատ հոսում էր նրանից, թրջել էր ողջ մարմինը և թացացրել էր ամբողջ վայրը։ Այնուհետև չկարողացավ նստել, այլ ընկավ երեսնիվայր, տարածվեց գետնին։ Իսկ քրիստոնյաները, որ շրջապատել նայում էին, աղիողորմ ողբերով և արյուն արցունքով լացում էին։ Այսպես և շատ մահմեդականներ էին լացում արտասուքներով և հայհոյում դատավորներին, և ամենքը սոսկալով, զարմանալով ապուշ էին կտրել և իրար հարցնում էին, թե ձեզանից որևէ մեկը տեսե՞լ է արդյոք այսպիսի բան, որովհետև չափազանց սարսռալի էր այս գործի երևույթը։

Այնուհետև սուրբ Խաչատուրը չափազանց նվաղեց սաստիկ ու ավելի ծանր տանջանքներից, ջերմում ու պապակվում էր ծարավից, ուստի աղաչեց շուրջը գտնվող մարդկանց և նրանցից ջուր խնդրեց։ Ոմանք գթացին նրան և գնացին ինչ–որ ամանի խեցիով ջուր բերին նրան․ այդ խեցիով էլ խմեց ջուրը։ Նաև սուրբ Խաչատուրը մոտիկ կանգնած քրիստոնյաներին աղաչեց, որ գնան քահանաների մոտ, իրեն հաղորդ բերեն. իսկ քահանաները մահմեդականների երկյուղից իրենք չեկան, այլ հաղորդը դրին հացի մեջ և տվին