Էջ:Arakel of Tabriz, History.djvu/42

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

մեծամեծերին, իրեն կեղծավորաբար ցավակից ցույց տալով հայոց ազգի նկատմամբ, ասաց հայոց մեծամեծերին ու ավագներին. «Լսեցինք, թե եկել է Ջղալօղլին և ահավասիկ անթիվ զորքով գալիս մտնում է ձեր երկիրը: Նաև մեր զորքերն են անթիվ, գիտեք, որ սրանց մեջ երկու կողմերում էլ այսպիսի ժամանակ կան հոգով դաժանացածներ՝ ավազակներ, գողեր ու սրիկաներ, որոնց ով և որտեղից լինելը չգիտենք, գուցե ոմանք նրանցից անփույթ են դարձել իրենց կյանքի և իշխանների հրամանատարների նկատմամբ, հանկարծակի հարձակվեն և կոտորեն երկրի մի մասը և ձեր ժողովրդին, կամ ավարեն ունեցվածքը, ընտանիքները և առնելով հեռու ճողոպրեն, ու ձեր ժողովուրդը կորստի ու գերության մատնվի: Այդ պատճառով խղճալով ձեզ մտածել եմ ձեզ փրկել հետևյալ կերպով, որ գավառապետերը և ձեր երկրի բնակիչները դուրս գան իրենց տեղերից քիչ առաջ շարժվեն, գնան մի քանի օրվա ճանապարհ, իսկ մենք այստեղ դեմները կտրելով կռվենք օսմանցիների հետ. եթե տերը մեզ հաջողություն տա, այդ ժամանակ կդառնաք ձեր տեղերը և կլինեք մեկ ժողովուրդ. իսկ եթե աստված նրանց տա, մենք կթողնենք կգնանք, և դուք կդառնաք ձեր տեղերը, կլինեք նրանց ժողովուրդը»։ Երբ շահը այս ասաց հայոց ավագանուն, որոնց գլխավորի անունն էր տեր Հովհաննես, որին հարգալից մակդիրով ասում էին աղա տերտեր։ Նրանք հասկացան դավադրական նենգությունը և վատ զգացին նրա խոսքերից, պատճառներ մտածելով մոտեցան շահի նախարարներին, ասացին։ Այդ ժամանակը աշուն է,— քանի որ սուրբ խաչի տոնից հետո էր, երբ երկիրը տարագրեցին,— երկրի բոլոր բնակիչները ճանապարհի պատրաստություն՝ գրաստ և այլ բեռնակիր չունեն ունեցվածքն ու մանուկները բառնալու համար, թեպետ առողջներն ու կարողները ոտքով կգնան, իսկ ծերերն ու մատղաշ մանուկները չեն կարող գնալ։ Այս պատճառով խնդրում ենք արքայից այժմ մեզ ներել, իսկ այդ հրամանը աստծու հաջողությամբ գարնանը կկատարենք. այս ասում էին գուցե իրենցից [փորձության] ժամը անցնի։

Իսկ երկրների ավերիչը, քրիստոնյա ազգերի վատնիչը, սատանայի բնակարանը՝ Շահ-Աբաս թագավորը չանսաց հայերի

42