Jump to content

Էջ:Arakel of Tabriz, History.djvu/43

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

խոսքին։ Այլ իր նախարարներին կանչեց իր առջև ու նրանցից վերակացուներ, երկրի բնակիչների վարիչներ նշանակեց. ամեն մի գավառի իշխան իր զորքով վարող ու քշող կլինի իր գավառի բնակիչներին։

Իսկ Ամիրգունա խանին հատկապես Երևան քաղաքի, Արարատյան երկրի և սրան մերձ գավառների [վերակացու նշանակեց]։ Եվ շահը նրանց հրամայեց՝ որտեղ կարող են ձեռ գցել, տարագրեն-քշեն՝ չթողնեք ով ամենևին կենդանի շունչ, թե քրիստոնյա, թե մահմեդական, խոսքով համոզվողներին, չհամոզվողներին, թագավորի հրամանին չանսացողներին սրով՝ մահվամբ, գերությամբ։

Իսկ զորապետները այսպիսի աշխարհակործան ու դաժան հրամանը թագավորի կողմից ընդունելուց հետո յուրաքանչյուր զորավար իր գնդով ելավ դիմեց հայոց աշխարհի հրամայված գավառը իբրև հողմակոծ հուր, որ անցնում է եղեգնուտով։ Տագնապալից աճապարանքով գավառների բոլոր բնակիչներին շուտավույթ շորթելով իրենց բնակավայրերից և վտարելով իրենց տեղերից ինչպես հոտ ու նախիր բազմաթիվ ոչխարների ու տավարների առաջները անելով բռնությամբ քշեցին բերին հասցրին Արարատյան գավառը։ Նրա լայնանիստ դաշտը ծագեծագ լցրին, որովհետև Գառնիի լեռների ստորոտներից մինչև Արաքս մեծ գետը բանակի լայնքն էր, իսկ երկայնությունը ըստ այդ լայնության դու կշռադատիր, ես կասեմ մի օրվա ճանապարհ, բայց այլուր տեսա՝ գրված էր հինգ օրվա ճանապարհ։ Հայոց թվականը նոր էր վերջացել, մտել էինք 1054 (1605) թվականի հայոց նավասարդ32 առաջին ամիսը, երբ երկիրը տարագրեցին:

Եվ պարսից զորքերը, որ անցան երկրի տարագրմանը, որտեղից որ ժողովրդին դուրս էին քշում, գյուղերից, թե քաղաքներից, բոլոր շեները, տները, բնակավայրերը անխնայորեն այրելով հրկիզում էին։ Հրկիզում էին նաև խոտի, հարդի, ցորենի, գարու և այլ պիտույքների համբարանոցները, ամեն ինչ այրելով ոչնչացնում էին։ Այսպես ավերելով դատարկեցին երկիրը օսմանցի զորքերի համար, որպեսզի նրանց որևէ օրվա պահիկ չմնա և նրանք վտանգավոր կացության մեջ լինեն։ Նաև տեղահանված ժողովուրդը այդ տեսնելով հուսահատ լինի ու ետ չդառնա։