լինել և մեռնել, թե անպարտ համարվել և ազատվել։ Այս պատճառով փաշան չսպանեց Սիրունին։
Բայց քաղաքի սուխտաները[1], որ քրիստոնյաների արյան ծարավի էին, չանսացին փաշային, ղադիին ու մուֆտիին, այլ երկու–երեք հարյուր սուխտաներ միասին միացան, գրոհ տալով կուտակվեցին անպարտ պատանի Սիրունի գլխին, բոլորը մերկացրին իրենց սրերը, թրերն ու դաշույնները հոխորտալից խրոխտանքով ահաբեկեցին նրան, թե՝ «Ընդունիր Մահմեդի հավատը և մահմեդական դարձիր, ապա թե ոչ, սրախողխող ու քարկոծ լինելով, կմեռնես մեր ձեռքով»։
Նաև բերին բարակ պարան, նրանով շատ ամուր պատեցին երկու բազուկները ուսերից մինչև ձեռքերի թաթերը այնքան պինդ, որ սաստիկ պնդությունից եղունգների մոտ մատների ծայրերը պայթելով բացվեցին, որոնցից հոսող արյունը թափվում էր ձեռքերից։ Նաև բազմատեսակ տանջանքների ենթարկեցին նրան՝ ծեծել, գլխին հարվածել, քարշե-քարշ տանել, կալանքի տակ անկերակուր պահել. ամենքը իբրև կատաղի գազան նրա վրա կրճտում էին ատամները, յուրաքանչյուր մեկը իր սուրը նրա վրա էր շողացնում և ասում. «Մահմեդական դարձիր, ոչ միայն կազատվես մահվանից, այլև շատ հարստություն ու բարիքներ կտանք քեզ»։ Իսկ Սիրունը չէր համաձայնվում, ասում էր. «Իմ լույս հավատը չեմ թողնի և ձեր խավար կրոնը չեմ ընդունի»։ Իսկ մայրը, եղբայրները ու այլ բարեկամներ մշտապես աղաչելով ասում էին նրան թե՝ «Այժմ քո անձը փրկելու համար առերես ընդունիր նրանց դավանանքը, իսկ հետո, կգնաս այլ երկրներ և քրիստոնյաների իշխանություններ և այնտեղ համարձակ կպաշտես քո քրիստոնեական հավատը»։
Եվ չնայած շատ աղաչեցին, սակայն նա հանձն չառավ, ասելով, թե՝ «Սովորական մահը այժմ հասել է ինձ. նաև այնտեղ, ուր լինելու եմ, պատահելու է ինձ. այս կյանքի չնչին տարիների համար, ինչպե՞ս կորցնեմ իմ հավատը և դառնամ աստծու կողմից դատապարտված»։ Ինքը Սիրունը ուրախ էր ու սրտով բերկրալից իր խսստովանության ու նահատակության համար. սրան ապացույց էր երեսի գույնը։
- ↑ Մահմեդական աստվածաբան: