Jump to content

Էջ:Arakel of Tabriz, History.djvu/426

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Իսկ անօրեն սուխտաներր վերստին հավաքվեցին, գնացին, Մխիթարին բռնեցին, կապեցին, տարան փաշայի մոտ, իսկ փաշան ուղարկեց մուֆտիի և ղադիի մոտ, թե ինչ է հրամայում Մահմեդի կրոնը այս մարդու համար՝ սպանել, թե ոչ։ Նրանք սպանելու հրաման չտվին, ուստի փաշան չսպանեց, այլ հրամայեց ազատ թողնել։ Իսկ ինչ սուխտաներն էին, չթողին, այլ ձեռքերը հետևը կապեցին, գլխաբաց, բոբիկ այստեղ-այնտեղ շրջեցնում էին իշխանների դռները, ծեծում, գլխին հարվածում էին, թքում և զանազան ձևերով տանջում և ասում էին. «Ուրացիր քո հավատը, պաշտիր մեր հավատը, ապա թե ոչ սրախողխող լինելով ու քարկոծվելով կմեռնես մեր ձեռքից»։ Այսպիսի խոսքեր ասելով, իրենց ձեռքերում մերկացրած սրեր բռնած խաղացնում էին նրա վրա։ Իսկ Մխիթարը ամեն տեղ, ու էլ որ շրջեցնում էին նրան, բարձրաձայն ու համարձակ ամենքի առջև հայհոյում է Մահմեդին, սրա հավատն ու կրոնը և շատ խոսքերով անարգում էր ոչ թե մի օր, այլ ամեն օր և իր սրտի քաջությամբ ասում էր, «Դատարկ ու չնչին մահվան համար միթե վախենալով ձեզնից՝ կուրանամ իմ ճշմարիտ հավատը, տեր աստծուն ու իմ Քրիստոսին»:

Նաև Մխիթարի բոլոր բարեկամները, ծնողները և ընկերակից երիտասարդները եկան նրա մոտ, աղաչելով ասում էին, թե սուխտաներին դուր գալու համար առերես ու առժամ այն ասա ինչ-որ խոսք և հետո, գնալով այլ երկիր, կպաշտես քո հավատը։ Իսկ Մխիթարը բոլորովին չընդունեց նրանց խոսքերը, այլ քաջ սրտով, պայծառ դեմքով և համարձակ աուխտաների առջև դավանում էր Քրիստոս աստծուն և անարգում Մահմեդի օրենքը։

Նաև փաշան և ենիչերի զորապետը ուղարկեցին Մխիթարի մոտ և խոստացան տալ նրան շատ գանձեր և ունեցվածք, ազնվացեղ ձիեր, զենքեր, պետական պաշտոններ, որ գուցե թերևս սուխտաներին հաճելի որևէ խոսք ասի և իրեն մահվանից փրկի, որովհետև խիստ հոժար կամքով խնայում էին նրան նրա ամենաարի ու զարմանալի քաջության համար։ Իսկ Մխիթարը չընդունեց նրանց ասածը քրիստոնեական հավատի համար։