մեռնես, աստված ինքը թողություն է շնորհելու քեզ, որովհետև քո կամքով խոնարհվեցիր և ապաշխարություն հանձն առար, նաև աստծուց դու բարիքների վարձ կընդունես։ Իսկ եթե ողջանաս և հիվանդությունից վեր կենաս, այն ժամանակ կկատարես քո ուխտած ապաշխարանքը և ես հավատում եմ աստծուն, որ այս սակավ ապաշխարանքի համար, որ դու հանձն ես առնում, աստված քեզ կատարյալ առողջություն կտա, որ վեր կենաս հիվանդությունիցդ»։ Այս ամենը քահանան ասաց նրան, որ թերևս զղջա։
Իսկ նա ոչ միայն չզղջաց, այլ ամենամեծ մեղքն ու չարիքը գործեց։ Նեղվեց ու խոժոռվեց քահանայի խոսքերից, քանզի շտապ իր մոտ կանչեց մահմեդականներից ոմանց և նրանց ասաց, որ իր մոտ բերեն մոլլա և մուղրի[1]։ Եվ երբ բերին, այդ ժամանակ նրանց միջոցով ուրացավ Քրիստոսին ու սրա հավատը և հավատով ու դավանությամբ դարձավ մահմեդական։ Եվ երբ այդ ողորմելի, թշվառական մարդը՝ Ղարաչորակը, այդպես արեց, քաղաքի բոլոր քրիստոնյաները անմխիթար սգի մեջ ընկան ոչ միայն նրա կորստյան, այլև քրիստոնեական հավատի համար, որը ծաղր ու ծանակելով արհամարհական հայհոյում էին մահմեդականները: Նաև մահմեդականները ուրացած ցնծալից ձայնով հրճվում էին ու խայտում այդ մարդու ուրանալու համար, որովհետև ուրացողը նշանավոր էր։ Եվ նրա ուրանալուց հետո չորս օր անց ուրացող հիվանդը մեռավ։ Քաղաքի մահմեդականների ողջ բազմությունը հավաքվեցին՝ ոչ միայն կարդացողներն ու հասարակ մարդիկ, այլ նաև երևելի ու անվանի մարդիկ, իշխաններ, և իրենց զարդարեցին երևելի զենքերով ու զարդերով, պայծառ հագուստներով և նրա դագաղը ավելի պճնազարդելով պաճուճեցին և ի պատիվ նրա դուրս բերին մահիկով դրոշակը և բարձրացրին ավելի քան քսան թուղ[2] ու մեծաշուք և երևելի փառքով տարան իրենց մեռելների գերեզմանոցը, թաղեցին նրան և դարձան իրենց տները։