Jump to content

Էջ:Arakel of Tabriz, History.djvu/432

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է
ԳԼՈՒԽ ԽԹ
ԻՐ ՄԱՀՎԱՆ ԺԱՄԻՆ ՈՒՐԱՑԱԾ ՄԻ ՄԱՐԴՈՒ ՎՐԱ ԵՂԱԾ ԱՍՏԾՈՒ ՀՐԱՇՔԻ ՄԱՍԻՆ

Վերջին Ժամանակներս՝ պարսից մեծ ու առաջին Շահ-Աբաս արքայի թագավորության տարիներին, Նախիջևան քաղաքում, որի իշխանն էր Մախսուտ սուլթանը, աստծու հրաշք եղավ մի քրիստոնյա մարդու վրա, որին կոչում էին Ղարաչորակ։ Այս մարդը հավատքով քրիստոնյա էր և քրիստոնյա ծնողների զավակ, բայց ինքն աստվածային օրենքների հանդեպ անտարբեր էր, հեռացել էր քրիստոնեական բոլոր կարգերից ու կրոնից, եկեղեցի չէր գնում, աղոթքներով չէր խոստովանում, չէր հաղորդվում, չէր մտածում, թե մահկանացու է և մեռնելու է, չէր մտահոգվում հատուցման մասին ըստ գործերի[1], ինչպես որ գրում է Աստվածաշունչ գիրքը, այլ աստծու բոլոր պատվիրաններից հեռացել էր։ Իսկ կյանքի բոլոր օրերում շրջում էր կրպակներում, շուկաներում, փողոցներում, հրապարակներում, այլազգիների և իշխանների դռներում որևէ բան վաճառելու համար. քանզի իր արհեստը առևտրամիջնորդությունն էր, որ ուիշների ապրանքը առնում ծախում է ուրիշների։ Եվ իր ամբողջ կյանքի ժամանակը նա այսպես մնաց, քանզի պատմողները, որ ականտես են եղել նրա գործին, ասում են, թե մինչև վաթսուն տարեկանը հասավ նա՝ ավել կամ պակաս։

Այնպես եղավ, որ այս Ղարաչորակը մահվան հիվանդությամբ հիվանդացավ․ նրա մոտ քահանա կանչեցին, որ խոստովանեցրեց նրան։ Բայց որովհետև քահանան գիտեր նրա անուղիղ վարքի և մոլար կենցաղավարության մասին, ուստի նրա հոգու փրկության համար քահանան նրան ասում է. «Եղբայր, դու ինքդ գիտես, որ քո կյանքը ծույլ ու պղերգ ես անցկացրել և երբեք չես հիշել այս օրը, թե մահ կամ դատաստան կա քո առջև։ Այդ այսօր եկել, հասել է քեզ, խնդրում եմ քեզնից՝ ինձ լսես և մի քիչ ապաշխարանքով հանձն առնես պասն ու աղոթքը և, եթե այս հիվանդությամբ

  1. Սաղմ. ԿԱ 13: