էր եղել։ Նրա նամակը առնելով՝ նույն գրածը նրա շարադրությամբ հենց այժմ այստեղ արտագրեցի հետևյալ պատճառով։
Նախ՝ որովհետև առձեռն պատրաստ գրվածը հարմար չհամարեցի վերաշարադրել, և երկրորդ՝ իմ երկար աշխատանքների պատճառով, որից ձանձրացել եմ, քանի որ արդեն տասնմեկ տարին եմ թևակոխում, որ այս պատմության վրա աշխատում եմ։ Որովհետև հարյուր թվականին սկսեցի [ուզում է ասել 1100-1651] գրել, այժմ 111 թվականը թևակոխեցի և տակավին աշխատում եմ սրա վրա. և երրորդ որովհետև ծերացել եմ և ուժից խիստ ընկել, իսկ մահը եկել ամեն օր կանգնել է իմ աչքերի դիմաց, գիտեմ, որ ես կմեռնեմ, իսկ այս գիրքս կմնա կիսակատար, և իմ թափած աշխատանքը ամբողջովին իզուր կկորչի, որովհետև ոչ մեկի հոգը չէ աշխատանքը ձեռնարկելու և ի կատար ածելու, ուստի շտապում եմ, աճապարում, գուցե ավարտեմ, որ անկատար չմնա, և իմ աշխատանքը կորչի։ Ստեփանոս վարդապետի Կոստնանդնոպոլսից ուղարկված գրածի սկիզբը հետևյալն է, որ միևնույն շարադրությամբ արտագրում եմ։
«Բայց Բյուզանդիայի իրադարձությունների ու վշտաբեր եղելությունների, անտանելի տառապանքների ու եղերական դիպվածների մասին ո՞վ կարող է պատմագրությամբ արտահայտել նյութական թղթի միջոցով միևնույն ձևով, որովհետև աստծու կողմից էր այն ցասումը և ամեն մարդու հակառակ ընթացքի մեղքերի դատապարտությունը։ Ուստի ըստ նախախնամության էր ընդհանուր վճիռը մի անձի նկատմամբ իբրև զգաստացում բոլորի։ Ապա թե ոչ ընդհանուր պատիժ կստանային երկու կյանքում ըստ տերունական հրամանի ու պայմանի[1] ըստ Նոյի լինելու օրերի և ըստ վերջանալի հավիտենական ապագայի: Ուստի զարհուրելի իրեր, երկյուղով լի տեսարաններ, սարսափելի ձայներ, բազմատեսակ ճայթյուններ, բազմազան աղաղակներ, անսպառ տարակույսներ (են լինում): Այսպես և այս կերպ ներկա ժամանակս
- ↑ Աստված հրամայեց և պայմանավորվեց, որ նորաստեղծ մարդը բոլոր ծառերի պտուղներից ուտի, բացի գիտության և բարու ծառի պտղից [Ծն. Բ 17]