Jump to content

Էջ:Arakel of Tabriz, History.djvu/446

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

հեծյալ ռազմիկներ՝ չհաշված ծառայողները, բեռնակիրները։ Մեծ ուժով ռմբակոծեց բերդը, մի օր գիշեր-ցերեկ վեց հարյուր և էլ ավելի արկով հարվածեցին բերդին, ուստի ինը օրում բերդը գրավեց և բերդի իշխանին՝ Ամիրգունա խանի որդի Թահմազղուլի խանին իր իշխաններով ուղարկեց Պոլիս. այնքան պահեց, որ այնտեղ մեռան: Այս այն Թահմազղուլի խանն է, որ Էջմիածնի քարերն ուղարկեց Սպահան։

Ապա սուլթան Մուրադը Մուրթուղա փաշային տասնհինգ հազար քաջ կռվող զորքով դրեց Երևանի բերդի մեջ, ինքը անցավ գնաց մինչև Թավրիզ։ Ձմեռն ու ցուրտը վրա հասան։ Նաև լուր եկավ Պոլիսից, ուստի այնտեղից վերադարձավ, Վանի վրայով գնաց Պոլիս։

1085 [1636] թվի դեկտեմբեր ամսին՝ այս սուլթան Մուրադի ժամանակ պարսից Շահսեֆի թագավորը եկավ Երևանի բերդը շրջապատեց. իր հետ ուներ հարյուր հազար կռվող զինվոր՝ չհաշված բեռնակիրները և այլք։ Երեք ամիս նստեց բերդի շուրջը և մեծ ջանքով ու չարչարանքով հազիվ կարողացավ բերդը գրավել, օսմանցի զորքերից չափազանց շատ կոտորեց և ինքը ողջ երկիրը գրավեց։ Օսմանցի երեք փաշայի և այլ նշանավոր իշխանների իր հետ տարավ Սպահան, որոնք և այնտեղ մեռան։

1087 (1638) թվի ապրիլի 28-ին միևնույն սուլթան Մուրադը գնաց Բաղդադի վրա և նոյեմբերի 6-ին հասավ Բաղդադ։ Երեսունութ օր բերդը մեծ ուժով ռմբակոծեց և դեկտեմբերի 4-ին բերդը գրավեց․ այնտեղ գտնված պարսից զորքին իսպառ կոտորեց վրեժխնդիր լինելով իր այն զորքերի համար, որոնց պարսիկները կոտորեցին Երևանում։ Իսկ պարսից փառավոր իշխան Խալաֆ բեկին, որ բերդում էր, բազմաթիվ իշխաններով ուղարկեց Պոլիս, այնտեղ մեռան։ Իր իշխաններից իշխան նշանակեց Բաղդադում և ողջ երկիրը հանձնարարեց նրան։ Ապա Բաղդադից վերադարձավ, գնաց մեծ փառքով մտավ Պոլիս 1088 (1639) թվի հունիս ամսի 2-ին: 1089 (1640) թվին հաշտություն եղավ երկու ազգերի ու թագավորների միջև՝ օսմանցիների ու պարսիկների, որովհետև պարսից Շահսեֆի թագավորը Երևանը գրավեց, իսկ օսմանցիների թագավոր սուլթան Մուրադը՝ Բաղդադը։ Այս