Էջ:Arakel of Tabriz, History.djvu/448

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ձեռքում էր, և հեշտությամբ գրավեցին այն, որովհետև կղզու բնակիչները համաձայն էին, որ օսմանցիները գրավեն։ Օսմանցիք Կրետե կղզին վենետիկցիներից առան 1095 [1646] թվին։ Այս սուլթան Իբրահիմը հետևեց որովայնի և ախտամոլության բուժմանը, քանզի իգամոլության ախտի մեջ շատ ավելի թաղվեց, որովհետև բացի իր կանանցից ու հարճերից բոզեր էլ էր պահում իր մոտ, նաև իշխանների կանանց ու աղջիկներին բռնությամբ բերում և իր կամքը հայտնի ու համարձակ կատարում էր, ուստի վշտացած ազգը և իր իշխանները և միաբանվելով նրա սուլթան Մահմադ որդուն դրին նրա տեղը թագավոր, ապա սուլթան Իբրահիմին սպանեցին 1097 (1648) թվին հուլիսի 19-ին: 1097 թվի հուլիսի 28-ին սուլթան Մահմադը նստեց թագավոր, բայց հիշելու ոչ մի արժանի գործ չկատարեց, որովհետև զորությամբ և մարմնով տկար էր, նաև հասակով երեխա էր այնքան, որ հազիվ իր տերության երկիրը նվաճած պահի, և այդպես մնում է մինչև այսօր, երբ մեր 1111 (1662) թիվն է։ Իսկ ապագան տեր աստծուն է իմանալի, որին փառք հավիտյան. ամեն։


Մի այլ խոսք ևս օսմանցի թագավորների մասին

Օսմանցիների թագավորությունը․ Օսմանը, որ առաջինը եղավ թագավոր մեր 691 (1242) թվին, թագավորեց հիսունութ տարի. իրենց 1190 թվականին նստեց թագավոր, վաթսուն տարի թագավորեց։

Օրխանը մեր 749 (1300) թվին նստեց թագավոր, քսանինը տարի թագավորեց, իսկ իրենց 699 թվականին նստեց, երեսուն տարի թագավորեց։

Մուրադը մեր 778 (1329) թվին թագավոր նստեց, հիսունութ տարի թագավորեց, իսկ իրենց 729-ին նստեց, վաթսուն տարի թագավորեց։

Բայազիդը մեր 836 (1387) թվին նստեց թագավոր, տասնչորս տարի թագավորեց, իսկ իրենց 889-ին նստեց թագավոր, տասնչորս տարի թագավորեց։

Մահմեդը մեր 850 (1401) թվին նստեց թագավոր, տասնինը տարի թագավորեց, իրենց 803-ին նստավ, քսան տարի թագավորեց։