Jump to content

Էջ:Arakel of Tabriz, History.djvu/45

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

վնաս կհասցնեն իրենց և կամ ժողովրդին իրենցից հափշտակելով՝ ետ կդարձնեն և իրենց չար դիտավորությունը կխափանվի։ Այս պատճառով տագնապալից ստիպում էին ժողովրդին գետն անցնել։ Եվ ժողովրդի շատության պատճառով նրանց նավ կամ արկղ չէր բավականացնում, որոնցով գետը անցնեին․ թեպետ այլ տեղերից ուրիշ նավեր բերին ու այնտեղ շատ արկղեր շինեցին, սակայն ժողովրդի բանակը և պարսից զորքը շատ-շատ էին, տակավին չէր բավականացնում։ Եվ պարսից այն զորքերից, որոնք նշանակված էին իբրև ժողովրդին քշողներ, ժողովրդին շրջապատած էին պահում, որպեսզի ոչ ոք չփախչի․ նաև փայտով ծեծում, հարվածում, ջարդում ու մղում էին, լցնում գետը։ Եվ այսպես ժողովրդի փորձությունն ու վիշտը սաստկանում էր։

Իսկ թշվառ ժողովուրդը նայում իր առջև տեսնում էր ծովի նման անհուն գետը, որ խեղդում էր, իսկ ետևից պարսից սուրն էր, որ սպանում էր, և փախուստի ոչ մի հնար չկար։ Ընդհանուր կերպով աղիողորմ ողբեր, հորդ արցունքներ աչքերից թափելով երկրորդ Արաքս էին գոյացնում. իսկ լացի, հառաչանքների, ճիչերի, վայերի, կսկծանքների, մորմոքների ձայները միմյանց խառնվելով ուժգին գոռում-գոչյուններ էին առաջացնում, բայց ողորմածություն ու փրկություն ոչ մի տեղից չկար։

Այստեղ մեր ժողովրդին խիստ անհրաժեշտությամբ պետք եղավ հին Մովսեսը35 ու նույնի աշակերտ Հեսուն36 Նոր Իսրայելը երկրորդ փարավոնի37 ձեռքից փրկելու համար, կամ դադարեցնելու հորդահոս, լայնատարած մեծ գետի հոսքը, բայց չգտնվեց, քանզի մեր մեղքերի հորդությունը մեր դեմ փակեց գթառատ աստծո ողորմության դուռը։

Բայց պարսից անողորմ զորքերը ժողովրդին քշելով լցնում էին գետը, իսկ սրանք վտանգից գետի մեջ ավելի ու ավելի էին շատացնում աղաղակի ու ողբերի ձայները։ Սրանցից ոմանք բռնելով նավերի, ոմանք արկղերի եզրերից, ոմանք ձիերի, եզների ու գոմեշների պոչերից, ոմանք էլ ինքնուրույն լողալով անցնում էին։ Իսկ նրանք, որոնք լողալ չգիտեին, կամ ուժ չունեին՝ ծերեր, պառավներ, տղաներ, աղջիկներ, մատղաշ մանուկներ լցված էին ջրի երեսը, և գետը քշած տանում էր նրանց իբրև չոր ճյուղ գարնան ժամանակ։