Գետատար մարդկանցով ծածկված էր գետի երեսը․ թեպետ անցնողները անցան, բայց շատերը նրանք էին, որ ջրում խեղդվելով մեռան։
Պարսից զորքերի հեծյալներից ոմանք, որ ուժեղ ձիեր ունեին և իրենք արի տղամարդիկ էին և կարող, շրջում էին քրիստոնյաների մեջ ու տեսնելով քրիստոնյա ուստրերին ու դուստրերին, որոնց հավանում էին, լինեին կանայք, աղջիկներ և տղաներ, երբեմն խաբում էին տերերին, թե տուր քեզ համար գետից այն կողմ անցկացնեմ, և երբ անցկացնում էր, այնտեղ գետին չէր դնում, այլ առնում-տանում էր ուր կամենում էր։ Ուրիշներն էլ գողությամբ էին առնում-տանում։ Մի մասն էլ հափշտակելով ու սպանությամբ էր տերերից առնում-տանում։ Եվ շատ մայրեր երեխաներին ու տերեր հիվանդներին ճանապարհ գցեցին, դարձրին լքյալ, թողին գնացին անհանդուրժելի ու անտանելի փորձության պատճառով, որ հասել էր նրանց։ Եվ միանգամից ասեմ, որ անտանելի թշվառություններ, արհավիրքներ հասան մեր ազգի վրա և չգիտեմ, թե ինչ ձևով դամբանական ու ապաշխարական ողբեր հյուսեմ հայ ազգի խորտակման վրա, որ ունակ դարձավ այսքան չարիքներ կրելու։ Քանի որ հին Իսրայելի նման գերի էին քշվում երկրորդ բաբելացիների38 ձեռքով, բայց Երեմիան39 չկար, որ խրատեր, ոչ ել Եզեկիելը40 կար, որ լուսավորեր, ոչ էլ Հեսուն կամ Զորաբարելը41, որ դարձը առաջնորդեր, այլ դարձել էին անհովիվ հոտեր, ցրվել ու հալածվել էին պատառոտող գայլերի ու գիշատիչ գազանների առջև, որոնք նրանց քշում էին բռնի կերպով։ Եվ նրանք գնալով գնում էին ու լալիս էին, որ բարձած տանում էին իրենց սերմերը։
Իսկ սրան հաջորդ տեսանելի չեղավ այն, որ ասում է․ գալով թող գան ու ցնծան, որովհետև ոչ եկան, ոչ էլ ցնծություն եղավ, այլ այնտեղ մնացին, ուր տարան, արգելեցին այսինքն՝ պարսից աշխարհը։
Եվ եղավ, որ ողջ ժողովուրդը գետը անցավ, ժողովրդի հետ խառը գետը անցավ նաև պարսից բանակը։ Մինչև այդտեղ Ամիրգունա խանն էր ժողովրդին քշողը, այստեղ Շահ-Աբասը հրամայեց նրան գնալ իր բանակի հետ․ ժողովրդին