Jump to content

Էջ:Arakel of Tabriz, History.djvu/458

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ու շնորհքը չեն պակասի. մարդկանց մոտ ինքը և խոսքը կընդունվեն, խելքի շահ կունենա: Ինչքան էլ գինի խմի, խելքը չի կորցնի, ասել են, բայց ես չեմ հավատում, որովհետև գինին առյուծի կաթն է, ով որ ագահությամբ խմի, փառքից, խելքից և ունեցվածքից կզրկվի։

Մեղեսիկը [սուտակը], որ լալն է [ամեթիոստոսը] այն հատկանիշը ունի, որ եթե բերանդ առնես, ծարավդ կկոտրի, ինչպես որ կայծը ունի այս հատկանիշը։ Եթե ծեծեն ու խառնեն ուրախարար խյուսի հետ, սրտին ուրախություն է և հոգսն ու մտմտուքները կտանի սրտից, իսկ եթե աչքի դեղերին խառնես, աչքի լույսին օգտակար է, սրատես է դարձնում։

Ոսկեքարը, որ թիլան է [դեղին կայծը] ունի այն հատկանիշը, որ եթե բարակ շորով փաթաթես և կրակ դնես վրան, շորը չի այրվի, իսկ ով որ հետը ունենա, գիշերավախից ու երազատեսությունից զերծ կմնա և աստուծով չար փորձանքից կազատվի։

Բյուրեղը, որ պիլորն է, ունի այն հատկանիշը, որ ծեծեն և հին խոցի վրա ցանեն, խոցը կառողջանա, իսկ եթե ատամները մաքրեն, ատամի ժանգը կտանի, հետը պահողը մղձավանջից և երազախաբից զերծ կմնա։ Իսկ եթե ներկվի կարմիր, կանաչ, դեղին, ամեն գույն ընդունում է. կրակի մեջ կրանում է և այլևս չի նորոգվում. կրացածը աչքի դեղերի մեջ է մտնում։

Գոճազմը [սուտակ], որ լաջվարդն է, երկնագույն կապույտ է և լավը այն է, որ երակներ չունի և սպիտակ չէ, կրակի վրա գույնը չի փոխում, ոսկեգույն բծեր է ունենում, եթե արքայաջրի մեջ գցես, լաջվարդը նույն ժամին սպիտակում է և լինում է ինչպես ձյուն։ Ֆռանկստանում ընդունելի է։ Մեծ-մեծ կտորով է լինում։ Հազար գրամանոց[1] կտոր տեսա։ Վեց հարյուր գրամը 1100 [1651] թվականին Հալեպում ծախվեց տասնհինգ ռեալով[2], իսկ դրանից առաջ քառասուն ռեալով էր ծախվել։ Ուզբեկստանից է ստացվում։

  1. Դրամը զանազան վայրերում տարբեր ծանրություն ունի, Հունաստանում՝ 3, չորստասնորդական գրամ, գրեթե նույնչափ է արաբական գրամը (3,310 գ.), նույնն է նաև Թուրքիայում:
  2. Իսպանական հին արծաթյա դրամ: