Jump to content

Էջ:Arakel of Tabriz, History.djvu/462

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

է, նաև բացագույն նշապուրին, իսկ սպիտակագույն շպապեքին շուտ է ծերանում և կանաչում։ Փիրուզի մասին ասել են, թե ով որ դնի մատը, դրամի պակասություն չի ունենա, խոսքը ընդունվում է. մատը դնողը չպետք է անպատեհ խոսք խոսի ու մտածի, թե փիրուզ եմ դրել, խոսքս ընդունելի կլինի։ Կրակի մեջ այրվում է։ Եթե իսհաղին, միջակ բակլայի չափ լինի, հիսուն ռեալ արժե, նշապուրին սրա կես գինն արժե, իսկ շպապեքին երկու դրամ արծաթ արժե։

Մղնադիս ֆզա, այսինքն՝ արծաթը ձգող․ այն է՝ արծաթը ձգում է դեպի ինքը։ Եթե ոսկու, երկաթի, պղնձի [արծաթի] և այլ խարտուք միատեղ լինեն, ապա այս քարը արծաթը հավաքում է, ինչպես մագնիսը երկաթը։ Այս քարը ժանգագույն է, թափանցիկ է և սուղ. Հաբեշստանից է ստացվում. հնդիկները շատ են պահանջում այս քարը և կոչում են մղնադիս ֆզա, որ նշանակում է արծաթի ադամանդ. արծաթը ձգում է դեպի ինքը որպես ագահ մարդը, ոը միշտ արծաթասեր է և արծաթը իրեն քաշող։

Այս խոսքերը, որ թանկագին քարերի մասին են, ահա գրեցինք։ Ներկա ժամանակին ժամանեց Սարգիս անունով ոմն քահանա, որ մեր ազգից էր, հմուտ էր ու տեղյակ գրքերին. բնակվում էր Բերա քաղաքում, որ այժմ Հալեպ է կոչվում։ Արաբերենի, օսմանցիների և ֆռանկի լեզուների մեջ շատ հմուտ էր, նաև ծանոթ էր հոռոմի և հրեաների լեզուներին, արհեստով ականագործ էր, որ թանկագին քարերը հարթում ու շինում էր, նաև սրանք գնող ու վաճառող էր։ Երբ մենք Երուսաղեմ էինք գնում, Հալեպում պատահեցինք այս Սարգիս քահանային, որ զրույցների ժամանակ մեզ հետ մշտապես խոսում էր ակնեղենի որպիսությունից, նրա խոսքերը մեզ հավաստի երևացին, ուստի աղաչեցինք նրան, թե դրանք, որ բանավոր ես ասում, գրավոր շարադրիր, տուր մեզ օրինակելու համար։ Նա մեր խնդրանքի համար գրեց, տվեց, իսկ մենք ընդհանուրի օգտի համար շարադրեցինք այս պատմագրքում, նախ՝ որ մենք էինք խնդրել, և երկրորդ, որ այս խոսքը նորություն է. արդ՝ պատահող, ձեզնից այս ենք խնդրում, նախ մի համարեք մեզ ժամավաճառ, և երկրորդ ասեք՝ աստված ողորմի այն տեր Սարգսին և մեզ, մենք էլ կասենք և ձեզ․ ամեն։