Jump to content

Էջ:Arakel of Tabriz, History.djvu/463

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Իսկ սրանից հետո գրված խոսքերը, որ ակնեղենի մասին է, առաջուց օրինակը կար. այդ նույնպես սույն շարքում դասելով գրեցինք ընթերցողների օգտակարության համար ի փառս աստուծո։


Գլուխ ԾԴ
ԱՅՍ Է ԱՇԽԱՐՀԻ ՎՐԱ ԳՏՆՎՈՂ ԳՈՀԱՐՆԵՐԻ ԳԻՐՔԸ, ԹԵ ՈՐՏԵՂԻՑ ԵՆ ՍՏԱՑՎՈԻՄ, ԱՄԵՆԻՑ ԱՌԱՋ ԱԼՄԱՍՏԸ

Ալմաստը լինում է տասներկու տեսակ: Երկու վայրից է ստացվում։ Հինը Զուլումաթից[1] է ստացվում։ Ասում են, թե Ալեքսանդրը գնաց Զուլումաթ, հասավ մի լեռան տակ, հանկարծ ձիու պայտը սայթաքեց․ հարցրեց, թե այս ի՞նչ է, իմաստունները, որոնք հետն էին, ասացին, թե ալմաստ է, երկնքի ցողից է առաջանում։ Պարսիկները դրան խուդայի[2] են ասում, Ալեքսանդրին ասացին, թե այս լեռան հետևը ավազուտ դաշտ է, ամբողջովին ալմաստ է և անմարդաբնակ, թռչուններից բացի ուրիշ ոչինչ չկա այնտեղ։ Ալեքսանդրը ուզեց այդ ալմաստից, ասացին, թե հեծյալները թող բարձրանան լեռան գլուխը և լեռան գլխին անասունի լեշ գցեն։ Ապա այնտեղ մեծ թռչուններ կան, ալմաստը կկպչի լեշերին, թռչունները կառնեն, կբարձրանան լեռան գլուխը, կնստեն, կուտեն։ Հեծյալները կգնան կթռցնեն, ինչ որ կպած է եղել լեշերին, բոլորը այնտեղ կմնա։ Այդպես արին, որչափ որ կարողացան։ Այդ ալմաստը չափազանց արժեքավոր է, այլ մարդ այնտեղ չի գնացել, իսկ ներկայումս ինչ որ հին ալմաստ գոյություն ունի, այն ալմաստից է։ Ասում են Հնդկաստանում բարձր գին ունի, բայց ամեն երկրում գոհարագետների մոտ այնքան էլ հարգի չէ։ Կրակից դուրս է գալիս, ավելի լավն է, քան նորը։ Վեց երես ունի, որ կողմն էլ շրջես, երեք երես է երևում։ Ասում են, թե գոհարները տասնմեկ կարատից բարձր չեն լինում, բացարձակ սխալ է, քսաներկու կարատ էլ է

  1. Քիչ հետո ասվում է, թե Զուլումաթը 3 կղզի է։
  2. Բառացի աստվածային։