Jump to content

Էջ:Arakel of Tabriz, History.djvu/483

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

բարձրաձայն օրհնեցին աստծուն ի լուր բանակի։ Իսկ Սիմոնը նույնը կրկնելով ասում է․ «Օրհնված է աստված և նրա անփոփոխ տերությունը, որովհետև տերը մեռցնում, տերը ապրեցնում է, իջեցնում է դժոխքը և հանում»։[1]

Եվ Ջաֆարը անմիջապես սուրհանդակ է ուղարկում խոնդկարի մոտ նրան ավետելու, իսկ ինքը առնելով Սիմոնին ժամանում է Թավրիզ։ Խոնդկարը հրամայում է, որ իր տերության բոլոր վայրերում քաղաքների փողոցները զարդարեն, և ամենք ոք երեք օր խնջույքի նստի գիշեր-ցերեկ, այդպես էլ եղավ, իսկ Սիմոնին՝ տանել խոնդկարի մոտ։

Ջաֆարը ձմռան և գարնան օրերին Սիմոնին պահեց Թավրիզում, իսկ ամառ ժամանակ ուղարկեց կայսեր մոտ, որ Բյուզանդիայում էր։ Գնալիս, երբ հասան Կարին քաղաքը, կանգ առան հրովարտակներ գրող մի իշխանի պատճառով, որ իրենց լեզվով յաղիչի են կոչում։ Սա իր հետ ունենալով ավելի քան քսան հազար մարդ՝ ապստամբել էր իր ավագից, նաև թագավորից։ Ահա երկու տարի է, ժողովրդի գլխահարկը, որ թագավորների համար է, կորզելով ժողովում է իր համար։ Սա Սիմոնի համար պատվիրել էր իր զորքերին, որ ուշադիր լինեն և տանողներից հափշտակեն և իրեն հասցնեն։ Այս պատճառով Սիմոնը արգելափակված էր Կարին քաղաքում։ Արդ՝ օրհնյալ է աստված, որովհետև վերջը նա է իմանում։


Համառոտ խոսք սկզբից մինչև մեր օրերը ժամանակագրությամբ գրված

Թեպետ այս համառոտ օրինակը վաղ ժամանակներից գոյություն ուներ, բայց ըստ ժամանակագրական կարգի չէր, և մենք կարգավորեցինք, երկրորդ՝ մի տեղում հավաքված չէր, այլ մի մասը այնտեղ (մի մասը մի ուրիշ տեղ), այդպես ցաք ու ցրիվ, իսկ մենք հավաքեցինք մի տեղում, որոնք որ գտանք։ Երրորդ՝ և ինչ նշանավոր դեպքեր մեր ժամանակներում գործվեցին, որ սրանց հետ դասավորելով գրեցինք յուրաքանչյուրն իր տեղում։ Այս մասին հոգալով՝ շատ տքնություն

  1. Բ թագ․ Բ 6։