Jump to content

Էջ:Arakel of Tabriz, History.djvu/482

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

կանգ առան և դեռ ճակատամարտ չէին տվել և իրար պատգամներ ու պատգամավորներ չէին ուղարկել։

Վրացիները իրար հետ խորհրդակցելով ասում են Սիմոնին. «Թույլ տուր, որ այսօր մեր տունն ու ընտանիքը տանենք լեռները, իսկ մենք մեր ամբողջ սրտով ու զորությամբ արյան ու մահու գնով պատերազմենք թուրքերի դեմ և աստծու զորությամբ հաղթենք նրանց։ Բայց այս քրիստոնյա ազգի միջից աղոթքը բոլորովին վերանալու պատճառով, այնքան որ կլոր տարին փոքրից մեծ ամենևին եկեղեցու դուռը չեն բացում, ուստի աստծու արդար դատաստանը թույլ չտվեց, որ վրացիների մտադրությունը կատարվի, որովհետև աստված մարգարեի բերանով ասում է. «Իսկ եթե չդառնաք դեպի նա, նրա սուրը սրված է և աղեղը լարված»[1]։ Եվ կամ ասում է․ «Մի՞թե կբարձրանա փայտատը առանց փայտահատի, և [կշարժվի] սղոցը առանց որևէ մեկի քաշելու»[2]։ Եվ դարձյալ ասում է. «Ես եմ սպանում ու ես ապրեցնում, հարվածում եմ և ես բժշկում»[3]։ Եվ կամ ասում է, «Քանզի ում որ տերը կամենում է կորցնել, նախ հիմարացնում է»։ Ուստի Սիմոնը հիմարանալով այժմ սակավաթիվ մարդկանցով գինեխումի է նստում։

Եվ այն կողմը, որտեղ Սիմոնն էր, թուրքերը բնավ չէին կարծում, թե Սիմոնը այնտեղ կլինի։ Ավարառության համար թուրքերը մի գունդ են անջատում և գնդում են այն կողմը։ Եվ տեսնելով մի վրացու՝ բռնում են, և մի քիչ առաջ գնալով՝ տեսնում են Սիմոնի գունդը։ Բռնվածին հարցնում են դրա ով լինելու մասին, նրանից լսում են, թե դա ինքը Սիմոնն է։ Տաճիկները խիստ վախենալով ետ են կանգնում և անմիջապես զորավոր մարդիկ արագընթաց երիվարներով բանակ են հասցնում և Ջաֆար զորապետին հայտնում։ Նա չափազանց ուրախանում է և բազմաթիվ քաջ մարդկանց խրախուսելով ուղարկում։ Սրանք գնում, բռնում են Սիմոնին և բերում Ջաֆարի մոտ։ Երբ նա եկավ, Ջաֆարը ընդառաջ գնաց և ողջունեց Սիմոնին։ Ապա իրենց լեզվով

  1. Սաղմ. Է 12։
  2. Ես. Ժ 15։
  3. Օր. ԼԲ 39։