Jump to content

Էջ:Arakel of Tabriz, History.djvu/494

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

շատ ուժեղ երկրաշարժ եղավ, չորս ամիս ոչ մի մարդ շենում չկարողացավ քնել, ապա (երկրաշարժը) դադարեց։ Դարձյալ սույն թվականին Շահ-Իսմայիլը մեռավ։ Դարձյալ սույն թվին Շահ-Թահմազին բաղնիքում խեղդեցին․ սրանից հետո սուլթան Հայդարին սպանեցին, փոքրիկ Շահ-Իսմայիլին բերդից դուրս բերին, թախտ նստեց։ Սրանից հետո (թագավոր դարձավ) Ամիր Համզա Միրզան։ 1027 (1578) թվին Խուդաբանդան եկավ, թագավոր դարձավ։ 1028 (1579) թվին Երևանը գրավեցին, 1029 (1580) թվին Լալա փաշան եկավ Երևանը գերեց։ Դարձյալ սույն թվին Մեծ ու Առաջին Շահ-Աբասը Մաշադում թախտ նստեց։ 1030 (1581) թվին սուլթան Մուրադ թագավորը վիրավորվեց հրեաների համարձակությունից և փաթաթանը վերացրեց բոլոր հրեաների ու քրիստոնյաների գլուխներից և կարգադրեց գլխարկ դնել։ 1032 (1583) թվին Երևանում բերդ շինվեց։ 1033 (1584) թվին Երզնկայում երկրաշարժ եղավ, հունիսի տասնյոթին սուրբ Լուսավորչի երկուշաբթի ժամի երեքին հանկարծ ցնցում եղավ, քաղաքը առհասարակ փլվեց. տասնհինգ հազար տղամարդ ու կին մեռան, հինգ հազար մարդ էլ հողի տակ մնաց, որոնց կիսամահ հանեցին, մի մասը ապրեց, մի մասը մեռավ, մի մասն էլ անդամալույծ մնաց։ 1034 (1585) թվին Օսման փաշան գնաց, գրավեց Շիրվանն ու Թավրիզը։ 1037 (1588) թվին Ֆահրադ փաշան գրավեց Գանձակը։ 1039 (1590) թվին քուրդը գլուխ բարձրացրեց, եկավ Երզնկա։ 1040 (1591) թվին Գզիրօղլին հայտնվեց, ազգությամբ ջալալի քուրդ էր։ 1041 (1592) թվին Սևաստի տաճիկը բարկացավ և գրավեց Սուրբ Լուսավորիչ եկեղեցին։ Դարձյալ սույն թվին Իբրահիմ փաշան հարկապահանջությամբ ավերեց Ամիդը։ 1043 (1594) թվին մեռավ սուլթան Մուրադը, և սուլթան դարձավ Մահմադ թագավորը։ 1046 (1597) թվին ջաջալի եղավ Ղարայազչին։ 1047 (1598) թվին Ղարազչին ապստամբվեց։ Դարձյալ սույն թվին ներքինի Ջաֆար փաշան եղավ ջալալի, նստեց Թավրիզում։ Դարձյալ սույն թվի մայիս ամսին արեգակը խավարեց։ Դարձյալ սույն թվին մեծ երկրաշարժ եղավ Ամասիայում ու Չոռում, շատ շենքեր տապալվեցին, տևեց մինչև չորս ամիս, ապա ցնցումը դադարեց։ Դարձյալ սույն թվին անասունների խիստ անկում եղավ։