1048 (1599) թվի մարտ ամսի 17-ին այնպիսի դառնաշունչ ձմեռ եղավ, որ քառասուն սրբերի բազմամարդ ուխտը խափանեց, չկարողացանք սովորական տոնախմբությունը անել։ Դարձյալ սույն թվականին ուժեղացավ Ղարայազչին և հոկտեմբերի իննի երեքշաբթի օրը գրավեց Ուռհայի բերդը, որ նախապես քաղաքում էր, այս Յազիչին ծնունդով Կապադովկայից էր, լինելով սուխթա՝ մի առժամանակ մնաց, Ուռհայում մի մոլլայի մոտ ուսման համար և հետո եղավ հրացանավոր, զինվորությամբ այլ իշխանների էր սպասավորում, պատերազմներում հաղթող էր և հետո ինքնագլուխ դաոնալով հավաքեց ընկերներ, թագավորից ապստամբվեց. բազմացրեց իր զորքերը այնքան, մինչև անգամ ասում էին, թե երեսունվեց հազարապետներ ուներ, որ բոլուքբաշի էին կոչվում (զորապետ)։ Եվ ասում էին, թե յուրաքանչյուր օր այսչափ ծախս ուներ, այսինքն` մի օրում երեսուն մոթ գարի էր տալիս ձիերին, այս մոթը Միջագետքի մոթն է, յուրաքանչյուր մոթը հոռոմների լտրով երկու հարյուր քսանչորս լիտր է անում, չորս հարյուր լիտր հաց (էին ուտում), հարյուր տասը ոչխար, երեսունհինգ լիտր բրինձ, տասը լիտր յուղ և հինգ հարյուր ղուռուշ ռոճիկ, քանի որ ասում էին օրը հազար ղուռուշ ծախս ունի։
Դարձյալ սույն թվին Հուսեյին փաշան ապստամբվեց թագավորից և բազմաթիվ տեղեր կողոպտեց, եկավ Կեսարիան պաշարեց, նույն տարին գնաց Ուռհա, միացավ Յազիչուն։ Յազիչին քաղաքի գլխավորներից յոթ մարդ սպանեց` ոմանց կախելով, ոմանց խեղդելով, որովհետև դրանցից մեկը պարոն էր (իշխան), մեկը չավուշ[1], իսկ ինքը տիրեց քաղաքը. և փաշայի փոխանորդը փաշայից փախել էր։ Դարձյալ սույն թվին հոկտեմբերի տասնհինգի երկուշաբթի օրը Փիալա փաշան և Մաքսուդ բեկը եկան Ուռհա՝ Յազիչու վրա, սաստիկ պատերազմ արին սուրբ դաստառակի[2] համար, բայց չկարողացան այն վերցնել: Դարձյալ սույն թվին հոկտեմբերի տասնութին եկավ թագավորի փոխանորդ