վեզիրը՝ Մահմադ փաշա կոչվածը։ Սա եկավ Ուռհա Յազիչուն վրա։ Յոթանասուներեք օր քաղաքը պաշարվեց։ Դարձյալ սույն թվականին Ղարայազիչին եկավ Չոռում և նստեց այնտեղ. ավերեց շրջակա երկիրը հարկապահանջությամբ։ Դարձյալ սույն թվականին ապստամբվեց Բոսա Սաֆարը։
1049 (1600) թվին Հուսեյին փաշան ապստամբվել էր թագավորից և ավերել շատ երկրներ ու միացել էր Յազիչուն։ Յազիչին վեզիրի խնդրանքի համաձայն սրան բռնեց, տվեց նրա ձեռքը, և այս պատճառով հաշտություն կնքեցին միմյանց հետ. մանավանդ գաղտնի կաշառքով կուրացրեց վեզիրի աչքերը և նրանից հեռացավ, գնաց Ուռհա։ Դեկտեմբերի քսանչորսի շաբաթ օրը կաշառքով կուրացածը գնաց Ամիդ։ Դարձյալ սույն թվականին Ղարայազիչին չարչարեց Ուռհա քաղաքը խիստ հարկապահանջությամբ։ Հունվարի քսաներկուսին, երեքշաբթի օրը գլխատեց Աբրահամ անունով մի քահանայի և Սքանդար անունով մի տանուտերի։ Դարձյալ սույն թվին Ղարայազիչին տիրեց Թոքաթին, Ամասիային, Մարզվանին, Չոռումին. եղավ այնպիսի սով, որ մեկ լիտր ալյուրը նկարով[1] մի ֆլորին արժեր, իսկ մեկ քիլա (ընդեղենի չափ) գարին՝ մեկ ղուռուշ։ Դարձյալ սույն թվին ապստամբվեց Ղարաղաչը։ 1050 (1601) թվին Ղարայազիչին ավերեց Սեբաստիան՝ կողոպտելով ու այրելով և շատերին կոտորելով։ Մեծ սով եղավ։ Դարձյալ սույն թվականին Ղարայազիչին Կեսարիայում հաղթեց Իբրահիմ փաշային։ Դարձյալ նույն թվին Լավանդը, որ Սաթրչի էր կոչվում, թալանեց ու կողոպտեց Կիլիկիայի Սիս քաղաքը։ Դարձյալ նույն թվին ապստամբվեց Ահմադ փաշան։ Դարձյալ նույն թվին Հասան փաշան եկավ Ամիդ։ 1051 (1602) թվին Հասան փաշան պաշարվեց Թոքաթում։ Դարձյալ նույն թվին սատկեց Ղարայազիչին։ Դարձյալ նույն թվին Ջալալին այրեց Թոքաթ քաղաքը։ Դարձյալ նույն թվին ներքինի Խասրով փաշան հարկապահանջությամբ նեղ վիճակում դրեց Ամիդը։ 1052 (1603) թվին ապստամբվեց Թավուլը։ Դարձյալ սույն թվին Շահ-Աբաս Առաջինը եկավ Թավրիզից, պատերազմեց օսմանցիների դեմ և նրանցից խլեց Թավրիզն ու Նախիջևանը։
- ↑ Բնագրում երեսով, իմաստը անհասկանալի է, մենք թարգմանեցինք նկարով: