Jump to content

Էջ:Arakel of Tabriz, History.djvu/502

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Մովսես կաթողիկոսը գնաց Սպահան Շահսեֆի թագավորի մոտ, շատ դրամ ծախսեց թագավորի դռներին, շատ չարչարանքներ քաշեց, հազիվ վերացրեց հարյուր թուման պարտքը, որ գրված էր Էջմիածնի Սուրբ աթոռի վրա։ Դրանից հետո Սուրբ աթոռը ազատվեց։ 1079 (1630) թվին հայազգի քրիստոնյաները, որ Լվով քաղաքում էին, իրենց Նիկոլայոս անունով եպիսկոպոսին չընդունեցին, հակառակվեցին և չհնազանդվեցին նրան։ Իսկ եպիսկոպոսը հարեց ֆռանկ աբեղաներին, որոնք ճիզիտների կարգից էին. նրանց ստորագրություն տվեց, հնազանդվեց և ընդունեց պապի դավանությունը, դարձավ կաթոլիկ ու նրանց օգնությամբ հափշտակեց հայոց եկեղեցիները՝ բազմաթիվ անոթներով ու կալվածքներով։ Եկեղեցիների բոլոր անոթներն ու կալվածքները վատնեց, փչացրեց, ոչինչ չմնաց, միայն մնացին դատարկ եկեղեցիները, այդպես մնաց մինչև մեր 1101 (1652) թիվը։ Դարձյալ սույն թվին վեզիր Խոսրով փաշան սուլթան Մուրադ թագավորի կողմից ուղարկվեց Բաղդադի վրա, բայց նա գնաց դեպի Համադան։ Հասավ մինչև Դարձազին, այնտեղից վերադարձավ, եկավ Թոքաթում ձմեռեց։ Իսկ սուլթան Մուրադ թագավորը Մուրթուզա փաշային ուղարկեց Թոքաթ, որը Խոսրով փաշայի գլուխը կտրեց։ 1081 [1632] թվին Սելանիկի վրա մոխիր տեղաց երեք օր, երեք գիշեր։ Դարձյալ սույն թվին Լեհաստանում մի մարդու խաշների մեջ մահ ընկավ։ Նա աստծուն հայհոյել էր, թե որ սպանում ես, ապա եկ և կեր։ Աստված նրան պատիժ է տալիս. ինքը շուն է դառնում և սատկած ոչխարները ուտում։ Դարձյալ նույն թվին Երևան քաղաքում մայիս ամսի 14-ին վախճանվեց մեծահավատ սուրբ հայրապետ Մովսես կաթողիկոսը. սրան թաղեցին Կոզեռ կոչված բլրում Կոզեռ վարդապետի գերեզմանի մոտ։ 1082 [1633] թվին Բելգրադ քաղաքում մի տաճիկ խոզ է դարձել։ Դարձյալ սույն թվի հունվարի տասներեքին տիրոջ մարդեղության օրը Մովսես կաթողիկոսի աշակերտ Փիլիպոս վարդապետին օրհնեցին Սուրբ Էջմիածնի կաթողիկոս։ Դարձյալ նույն թվի օգոստոս ամսին սուլթան Մուրադ թագավորը չափազանց խիստ արգելք դրեց պիղծ ծխախոտի վրա և իր տերության երկրի բոլոր սրճարանները վերացրեց։