Jump to content

Էջ:Arakel of Tabriz, History.djvu/508

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

առաջնորդը իր հետ վերցրեց մի աբեղա, մի սարկավագ ու երեք աշխարհական. մտան տուփերի մեջ և սկսեցին սառույցը կոտրել. կոտրելով հասան լճի կեսը։ Այնուհետև սկսեց ուժգին հողմ փչել, կամեցան ետ դառնալ կղզին, հողմը խանգարեց, որը ջրերի ալիքներով կոտրված սառույցները բերեց բեռնեց տուփերի վրա։ Ծանրացած տուփերը անցան սառույցի տակ, վարդապետը, աբեղան և մի աշխարհական սուզվեցին, իսկ սարկավագն ու մի աշխարհական փրկվեցին խեղդվելուց աստծու ողորմածությամբ։[1]

Դարձյալ նույն թվի ապրիլ ամսի երեսունի երկուշաբթի օրը կայծակը խփեց, մի ձի սպանեց, որ մեր աչքերով տեսանք։ Դարձյալ սույն թվի հուլիս ամսի քսանմեկի շաբաթ օրը հրդեհ ընկավ մեծ քաղաք Պոլսում, վաթսունվեց ժամ այրվեցին չափազանց շատ տեղեր։ Դարձյալ նույն թվականին պարսից թագավոր Շահ-Աբաս Երկրորդը հրամայեց՝ մահմեդականներից 1500 տուն թուրք տարան լցրին Կախեթ, որ այնտեղ բնակվեն։

1110 (1661) թվին Կովկաս լեռան բնակիչ վրացիները, այն ազգերը, որ ասվում են թուշ ու փշավ, գիշերը եկան և այս 1500 տուն թուրքերին սրի քաշեցին ծերերից մինչև ծծկերը։ Դարձյալ սույն թվին շահը եպարքոսին գցեց իշխանությունից [վրացի] իշխանին ազատելու համար, քանզի խաների ու շահի առջև ասվեց, թե (վրացի) իշխանի թելադրությամբ վրացիները կոտորեցին 1500 տուն թուրքերին։ Դարձյալ նույն թվին միևնույն (վրացի) իշխանի եղբորորդիները նրա գլուխը կտրեցին և տարան շահի մոտ։ Այս արվեց Թիֆլիսի Շահնավազ խանի թելադրությամբ, որ ազգով վրացի էր, որպեսզի ինքը հավատարիմ երևա շահի առջև։ Դարձյալ նույն թվականին Կախեթի տեր Թամրազ թագավորը ելավ, Վրաստանից գնաց Սպահան Շահ-Աբաս Երկրորդի մոտ՝ նրան հնազանդված, և, ինչպես սովոր են նենգավոր պարսիկները, սկզբում սիրով ու մեծարանքով ընդունեցին նրան, բայց հետո քրիստոնեական հավատի ու օրենքների պատճառով իշխանների չարախոսությամբ շահը

  1. Բնագրում երեք աշխարհականներից մեկը«սուզվում է» մյուսը՝ «փրկվում», իսկ երրորդը հայտնի չէ, թե ինչ է լինում: [Խմբ.]: