Jump to content

Էջ:Arakel of Tabriz, History.djvu/507

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

քաղաքամիջից հանեցին և Շահ-Աբաս Երկրորդի հրամանով քաղաքի ծայրամասերում բնակեցրին։ Դարձյալ սույն թվին Փիզան կոչված բերդում քրդերը նահատակեցին Ավետիս անունով մի քրիստոնյա մարդու, որն ազգությամբ հայ էր՝ Մարաց երկրից։ Տեր Քրիստոսը փառավորեց նրան երկնային լույսով, որ իջավ նրա վրա։ 1106 (1657) թվին հրեաներին, որ բնակված էին Սպահան քաղաքում, պարսիկները բռնությամբ և չարչարանքներով մահմեդականացրին։ Սրանց հետ բռնությամբ մահմեդականացրին նաև այլ հրեաների, որ պարսից այլ քաղաքներում էին բնակված։ Դարձյալ սույն թվին մեռավ Դատիանի թագավորը, իսկ թագավորությունը դադարեց, որովհետև նա թագավորության ժառանդորդ որդի չուներ։ Դարձյալ նույն թվականի փետրվար ամսի քսանհինգին Թոքաթ քաղաքում վախճանվեց Ջուղայեցի Սիմոն վարդապետը և այնտեղ թաղվեց։ Սա չափազանց վարժ էր քերականության արվեստին և փիլիսոփայական գրքերի գիտության մեջ, ճարտարախոս հակաճառող էր բոլոր ազգերի դեմ։

1107 (1658) թվին Ղարաղլխանի տեր Զալ անունով մեծ իշխանը գնաց Սպահան շահի պալատը և շահի եպարքոսի միջամտությամբ չսպանվեց, այլ կենդանի վերադարձավ իր երկիրը։ 1109 թվի մարտ ամսի մեկին Պաշիաչուխի (Իմերեթիա) թագավոր Աղեքսանդրը մեռավ, և սրա փոխարեն Բագրատ անունով որդին թագավորեց։ Դարձյալ նույն թվականին այս Բագրատի, որի հոր Աղեքսանդրի փոխարեն թագավոր նստեց, խորթ մայրը նրա երկու աչքերն էլ կուրացրեց, որովհետև թշնամություն ընկավ նրանց միջև։ Նաև իշխանները միմյանցից պառակտվեցին, երկիրը ավերվեց, թագավորությունը խափանվեց։ Դարձյալ նույն թվի ապրիլ ամսի մեկին՝ աղուհացքի հինգերորդ կիրակի օրը, կատարվեց հետևյալը։ Որովհետև չափազանց ցուրտ ու ծանր ձմեռ եղավ, Գեղամա լիճը սառեց, իսկ լճի մեջ գտնվող Սևանա կղզու բնակիչները, քանի դեռ սառույցը ամուր էր, սառցի վրայով գնում գալիս էին, երբ սառույցը այնքան թուլացավ, որ չէր դիմանում մարդուն, այդ ժամանակ կամեցան սառույցը ջարդել, որպեսզի ճանապարհ բանան լճից դուրս գալու. ուստի կղզու վանքի Բարսեղ անունով վարդապետ