Jump to content

Էջ:Arakel of Tabriz, History.djvu/513

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

հարցնում, նեղում են հրեաներին. «Չֆուտ գելդի մի՞[1], խախամ գելդի մի՞[2]»։ Կանայք տղամարդկանց հետ, երիտասարդները, մեծամեծները, փոքրերը, ծերերը երեխաների հետ (ուր պատահի) հարցնում են հրեաներին. «Նավի գելդի մի՞, թե ճալ գելդի մի՞[3]»։ Այս բանը առակ են դարձրել ամբողջ աշխարհում, ծաղրում, կատակում են ճանապարհին, փողոցում. բերան ու լեզու այս բանում վարժվում է. «Նեպի գելդի մի՞[4], մսեհ գելդի մի՞[5]: Տանն ու փողոցում այս է հիշվելով ասվում, երգեր ու խաղեր շինելով սրան են հարմարվում, սուտ մարգարեին ուղղված ծաղրն ու շշունջը հրեաներին են կշտամբում. «Թեճալ գելդի մի՞»։

Նաև Նաթան անունով մի հրեա տղամարդ, որ նախապես ուխտագիր, դաշնագիր և ընկեր էր այս Սաբեթայի հետ և Գազա քաղաքում էր, այնտեղից գրում է Կոստանդնուպոլսի հրեաներին Սաբեթայի մասին և վկայություն տալիս, թե նա է մեսիան և օծյալը, որ արդ գտնվում է Զմուռնիայում։ Այս խոսքի վրա չափազանց բորբոքվեցին Պոլսի հրեաները, և հռչակվելով բարձրացավ նրա համբավը, մինչև որ հասավ Պոլիս քաղաքի մահմեդական իշխաններին։ Իսկ Պոլսի ղադին ու սարդարը մարդիկ պատրաստեցին, որ գնան Սաբեթային բռնեն և բերեն։ Սաբեթան՝ այս լսելով, ելնում է, որ փախչի, գնա Թեսաղոնիկե։ Իսկ ճանապարհի պահապանները բռնեցին նրան ծովում և բերին Պոլիս, հանեցին ցամաք, տարան Գոմրուկ խանի առջև։ Երբ տարածվեց, թե հրեաների մեսիային բերին, հազար-հազարներ և բյուր-բյուրեր շտապում էին տեսնելու Սաբեթային։ Եվ Սաբեթային տեսնելիս ամենքը հայհոյում, ծանակում, ծաղրում ու ձեռք էին առնում հրեաներին նրանց մոլորության համար։

Ապա տարան վեզիրի մոտ, որին (վեզիրը) հարցնում է

  1. Հրեան եկա՞վ:
  2. Քահանան եկա՞վ:
  3. Թագավորը եկա՞վ:
  4. Մարգարեն եկա՞վ:
  5. Մեսիան եկա՞վ: