Jump to content

Էջ:Arakel of Tabriz, History.djvu/514

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

անվան ու համբավի մասին, իսկ նա ամեն ինչից հրաժարվում և ուրանում է. ինքն իր մասին ասում է, թե ես վերծանող, օրինապահ ու աղոթարար մի մարդ եմ։ Իսկ՝ վեզիրը պատասխանում է, թե՝ «Կաց կալանքի տակ մինչև Իզմիրից քո մասին վկայություն ստանանք և իմանանք քո խոսքերի ստույգությունը»։ Այդ ժամանակ վերակացուն ապտակել է Սաբեթային և գլուխը ծեծելով տարել բանտարկելու։ Հայոց 1115 (1666) թվի հունվար ամսի քսանութին նրան բանտ դրին։ Իսկ հրեաները ամոթից ոչ շուկա դուրս եկան, ոչ խանութում նստեցին։ Մահմեդականների երիտասարդները, ուր հասնում, ծանակում էին՝ ասելով․ «Ջուհուդ գելդի մի՞, թեջալ գելդի մի՞»։ Այս ծաղրուծանակի համար հրեաները շատ կաշառք տվին ենիչերիների պետին, որպեսզի կարգադրի իր պաշտոնյաներին ու զինվորներին, որ արգելեն այդ բաները, որ «գելդին» չասեն։ Իսկ այդպես ասողները հազարապատիկ և ավելի շատացան։

Երբ Սաբեթային արգելափակեցին բանտում, մարդ ուղարկեցին, նրա ունեցվածքը բերեցին, քանի որ մեծ հարստություն էր հավաքել, որ հրեաները շատ ավելի էին նրան տալիս։ Երբ նրա հարստությունը Խասքո բերին, մոլորյալ հրեաները բոլորը ընդառաջ էին գնում և ողջագուրում էին հեռվից, մոտիկից ձեռքերը տարածելով իրենց համար փրկություն էին խնդրում։

Սրանից հետո մահմեդական իշխաններից դատավորի տեղակալը, քննիչը գնացին բանտ և Սաբեթային հարցրին, թե մեզ ստույգը ասա, իրո՞ք դու թագավոր ես, ինչպես որ քո ժողովուրդն է ասում քո մասին, ինչ որ քո մասին ասում ես, ճիշտն ասա։ Իսկ նա ամեն ինչից հրաժարվում է, թե՝ «Ոչ թագավոր եմ, ոչ մարգարե, ոչ էլ նշանավորներից, այլ մի գռեհիկ մարդ եմ և մասնագիտությամբ կարդացող»։ Իսկ նրանք Սաբեթայի խոսքերը գրեցին, արձանագրեցին ու տարան վեզիրին հայտնեցին։ Իսկ ինչ հրեաներն էին, չէին դադարում Սաբեթայի մոտ երթևեկելուց. և քանի որ բանտը Պոլիս քաղաքում էր, հրեաները չէին կարող համարձակ նրա մոտ գնալ ու գալ, ուստի վերակացուին կաշառեցին, որպեսզի նա գուցե իրենց համար մի հնար գտնի, որ գնալ-գալիս համարձակ լինեն։ Իսկ նա վեզիրին