Jump to content

Էջ:Arakel of Tabriz, History.djvu/515

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ասում է, թե հրեաները բանտը ոտքի կոխան դարձրին հաճախ երթևեկելով։ Այդ ժամանակ վեզիրը խստիվ հրամայում է, թե տարեք Բողազ բերդի մեջ և այնտեղ բանտում պահեք նրան։ Օրեր հետո վեզիրը դուրս եկավ Պոլսից, գնաց արևմուտք, որովհետև մեծ պատերազմ կար նրա դեմ: Երբ վեզիրը գնաց, հրեաները էլ ավելի համարձակություն առան, սկսեցին չափազանց հաճախ երթևեկել նրա մոտ կանանցով ու որդիներով։ Ծերեր, երիտասարդներ, աղքատներ, հարուստներ, մինչև անգամ աղջիկներ, հարսներ, անարգել ուխտի ու երկրպագության էին գնում նրան ոչ միայն մերձակա գավառներից, այլև հեռու երկրներից Բուղդանից (Մոլդավիա), Լվովից, Կաֆայից (Թեոդոսիա), Երուսաղեմից, Անատոլուից։ Էլ ավելի Պոլսից էին գալիս նրա մոտ, առնում նրա օրհնությունը և արտասուքով աղաչում․ թև ե՞րբ կլինի, որ ելնես, թագավորես և մեզ փրկես։ Նրանց երթևեկության համար մահմեդականները նախանձով գրգռվեցին, և այն իշխանը, որին Բոստանչի բաշի են կոչում, սկսեց նրանց ճանապարհը կտրել և հրեաներից նշանավոր ոմանց, որ գնում էին Սաբեթայի մոտ, բռնեց, տարավ տեղապահի (գայմագամի) մոտ։ Եվ երբ տեղապահը հարցրեց. «Թե ինչու՞ եք գնում նրա մոտ, ստույգ ասեք․ մարգարե՞ է նա, թե՞ թագավոր, ի՞նչ է, ճիշտն ասեք»: Հրեաները թաքցրին և ճիշտը չասացին, այլ պատճառներ հնարեցին, թե անմեղ է և իզուր դատապարտված և բանտ է մտած, մեր ազգից աղոթավոր ու կարդացող մեկն է. նրան մխիթարելու և նրա օրհնությունը ստանալու համար գնում ենք նրա մոտ։ Այս խոսքի համար տեղապահը ոչինչ չի ասում նրանց, այլ ազատ է արձակում, որ ելնում ու գնում են։ Իսկ դռանը կանգնած մահմեդականները բարկությամբ ու ծաղրանքով հրեաներին ասում են, թե «Մոլորյալներ, ի՞նչ ունեք այդ մարդուց, որ այդքան մոլորվել եք նրա նկատմամբ»։ Հրեաները պատասխանում են, թե՝ «Քիչ օրեր հետո ձեր աչքերը կտեսնեն»։ Մահմեդականները իսկույն զեկուցեցին տեղապահին։ Հրեաներին շտապով հետ դարձրին և սաստիկ ծեծեցին, ապա բաց թողեցին։ Թեպետ այս բանը այլ հրեաներ լսեցին և վախեցան, բայց իրենց դատարկ հույսի մեջ չթուլացան։