Jump to content

Էջ:Arakel of Tabriz, History.djvu/517

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ազգերի ու հեթանոսների բոլոր օրերը, որ ոչ միայն երկրի երեսին է տեսնվում, այլ որ ծովի խորքերում ձեզ համար պահված են իբրև խնդության վայելչություն. ողջ եղեք»։

Մոլորված ու դիվաբնակ Սաբեթան այս գրությունը հրեական լեզվով ու գրով գրեց և ուղարկեց ամեն տեղ, որ հետո հրեերենից թարգմանվեց լատիներենի, իսկ լատիներենից թարգմանվեց օսմաներենի սուլթան Իբրահիմի որդու՝ սուլթան Մահմադ թագավորի մի իմաստուն ու մեծ թարգմանչի ձեռքով։ Նաև լատիներենից թարգմանվեց հայերեն լեզվի ու գրի Երեմիա կոչված ոմն ճարտար դպրի ձեռքով, որ նույն Պոլիս քաղաքից էր։ Իսկ մոլորվածի գրությունը ինչ վայր էլ հասավ, այն սգատոնը ցնծությամբ տոնեցին, մինչև իսկ հանդգնեցին թմբուկներով ու նվագներով, որ երբեք հրեաներին այդպես չէին տեսել։ Քանզի Սաբեթան հրամայեց այն մեծ սգի օրը և հիշատակը, որ նրանց նախնիները նշանակեցին Բաբելոն գերի գնալու առիթով դարձնել ցնծության ու ուրախության տոն՝ ուտելով ու խմելով, պեսպես զարդերով զարդարվելով, ուրախության գալով ու կատարելով, որովհետև սգո օրերը վերացան և ուրախության օրերը եկան հասան։

Ոմանք մեր հայոց ազգից Սաբեթայի մասին գաղտնի հարցում արին հրեաների գիտուններին ու խախամին, թե՝ «Ի՞նչ կասեք, թերևս ինչ–որ մարգարե է, կամ իրոք մեսիան է, կամ Քրիստոսն է, և կամ այլ ոք աստծու արժանավոր ծառաներից է»։ Նրանք ասացին. թե՝ «Բոլորովին ստախոս է ու խաբեբա, մոլորեցուցիչ է ու դիվաբնակ. ահա մեզանից ութսուն ու ավելի մարդ, որ միաբանված ենք և նրան չենք ընդունում, որովհետև հակառակ է մեր հայրենի օրենքներին»։ Այս միաբանված մարդիկ գնացին հրեաների մոտ և սկսեցին կռվել, վիճել և հանդիմանել Սաբեթայի համար և ասել, ինչո՞ւ եք ընդունում նրան, ինչու՞ եք լսում նրան և ինչպե՞ս եք հետևել նրան, քանի որ խաբեբա է ու մոլորեցուցիչ է և հակառակ մեր հայրենի օրենքներին։ Որովհետև այսքան ժամանակ է, որ մեր նախնիները եկան այս աշխարհն ու գնացին, ոչ ոք նրանցից որևէ կարգ, որ փռոֆիդների օրենքներով էր գրված, չխախտեց, կամ լուծեց, իսկ դա մեծ սգո շաբաթներն ու տոնը լուծել է հրամայում