և ինչ որ խոսում ու գործում է, կեղծիքով ու ստությամբ է լի։ Մարգարեական ի՞նչ նշան, կամ հրաշագործություն տեսաք նրանից։ Թեպետ սրանք այսպես հակառակվում էին հրեաներին, սակայն հրեաները ըմբոստացան սրանց դեմ, սրանց հայհոյում, վիճում և մտադրվում էին ծեծել, գնում էին Սաբեթայի մոտ, նրանց ամբաստանում։ Մեծ հակառակություն ու պառակտում ընկան հրեաների մեջ՝ ոմանք ասում էին՝ պետք է ընդունել, ոմանք՝ ոչ, ուստի բաժանվեցին որդին հորից, եղբայրը եղբորից և սիրելիները միմյանցից։ Իսկ նրանք, որոնք ընդունում էին, սիրով կապված էին սրա հետ, գնում-գալիս էին և ողջունում։ Շատերը ցերեկը չէին կարողանում մտնել նրա մոտ, մեծ չարչարանքով սպասում, գիշերն էին մտնում և ողջունում։ Եվ այնտեղից ելնելով զարմացուցիչ ու հիացական խոսքեր էին սարքում ու տարածում նրա մասին և միմյանց ավետիս էին տալիս, թե Սաբեթան մեսիա, ազատիչ ու փրկիչ է եկել, մեզ հասել։ Ինքնիրեն նրա համար թագավորական գահույք է պատրաստվում, շտկվում է դատելու աթոռ և հաջողվում է արքայության գավազան. քրիստոնյաներին իսպառ բնաջնջելու է, մահմեդականներին հարկատու է դարձնելու։
Եվ այսպիսի սուտ ու սնոտի հույսի աչք տնկելով սպասում էին նրան։ Նրա գալստյան համար ոմանք դեպի երկինք էին պլշած նայում, ծովի վրա էին շրջում, ոմանք էլ ասում էին՝ թե երկնքով պիտի թռչի գա և մեզ համար լույս ծագեցնի։ Ամեն մարդ նրան մեծ մեկն էր համարում և աստծուց ուղարկված, որովհետև նրան էին վերագրում Հովել մարգարեի խոսքը[1], որ ասում է. «Վերջին օրերում, ասում է աստված, բոլոր մարմինները իմ հոգուց կլցնեմ, և կմարգարեանան ձեր ուստրերը, ձեր դուստրերը. ձեր երիտասարդները տեսիլքներ կտեսնեն, իսկ ծերերը երազներով կերազեն և այլն»։
Նաև այս տարվա հունիս ամսի երկուսին արեգակը խավարեց. սա այն բնական խավարումն էր, որ պատահում է լուսնի ծնունդին, իսկ հրեաների խաբված ազգը այդ համարեց
- ↑ Յովել Բ 28։