մաքրությունը, այդ պատճառով լավ համարեցին մաքուր վիճակով մահը, քան ժամանակավոր կարճ կյանքը, որ այն էլ պետք է անցնի մեղքերով ու չարիքներ կրելով. շատերը նրանցից իրենց երեսները ծածկում էին իրենց գլխարկով կամ զգեստով և անսահման բարձրությունից իրենց վայր էին նետում քարայրից ու մեռնում։ Եվ որովհետև ձորի մեջ խիտ ծառերի անտառ կար, նրանցից ոմանք, որ իրենց վայր էին նետում քարայրից, գալով հանդիպում էին ծառերի ոստերի ծայրերին ու մնում էին նրանց մեջ, ոմանց էլ ճյուղը վարից մտնում, մեջքից ելնում էր, ոմանց էլ սրտից մտնում, թիկունքից էր ելնում։ Սրանք էլ այսպիսի դաժան ու դառն մահով վախճանվեցին։ Իսկ սրանցից մնացածներին գերի դարձնելով տարան, նրանց ունեցվածքը կողոպտեցին ու բաժանեցին իրար մեջ ի լիություն իրենց։ Պարսից զորքերր ելան այնտեղից, վերցրին իրենց հետ բոլոր գերիներին, եկան պարսից բուն բանակատեղը։
Այս ամենը մենք լսելով ու գրելով` ճմլվում է մեր սիրտը, գալարվում են մեր որովայնի աղիները, իսկ մեր աչքերը արտասուքի վտակներ են հոսեցնելով իջեցնում մեր ժողովրդին թշվառություն գալու և հասնելու համար։ Եվ չենք կարողանում այստեղ [իմանալ], թե ի՞նչ օրինակով կամ ի՞նչ ձևով ողբեր սկսելով ողբանք մեր ազգի և երկրի խորտակման վրա, ի՞նչ պատճառով ելավ մահաբեր հրամանը երկրորդ Սարյուռոսի44 բերանից և հրախառն շունչը նրա ռունգներից ու կերավ Լիբանանի եղևնափայտերը45, որովհետև միանգամից անմարդաբնակ դարձրեց ամեն ինչով լի ու հուռթի աշխարհս Հայոց, որովհետև տարագրելիս ոչ թե մեկ կամ երկու գավառ քշեց Պարսկաստան, այլ շատ գավառներ։ Եվ սկսեցին Նախիջևանի սահմաններից, անցան Եղեգնաձոր, Գեղամա ծովի եզերքով, Լոռիով, Համզաչիման գավառը, Ապարանը, Շարաբխանան, Շիրակավանը, Զարիշատը46, Կարսի գյուղերի մի մասը, Կաղզվանի ձորը ամբողջովին, բովանդակ Ալաշկերտը, Մակուի գյուղերը, Աղբակի47, Սալմաստի, Խոյի, Ուրմիայի գավառները, նաև ինչ պանդուխտներ, որ մնացել էին Թավրիզ քաղաքում կամ գյուղերում, բովանդակ Արարատյան դաշտը, Երևան քաղաքը, Կոտայքի շրջանը, Ծաղկունքի ձորը48, Գառնու ձորը, Ուրծաձորը49, սրանցից