Jump to content

Էջ:Arakel of Tabriz, History.djvu/53

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

առաջ Կարինի, Բասենի, Խնուսի, Մանազկերտի, Արծկեի, Արճեշի, Բերկրիի, Վանա գավառները ավարով ու գերությամբ բերել էին Երևան, բոլորին սրանց հետ քշեցին տարան։

Արդ՝ այս բոլոր գավառները և նրանք, որ սրանց հետ էին, շահը հրամայեց՝ քշեցին տարան Պարսկաստան, և հայոց վայելչատես աշխարհը ավերակ ու անմարդաբնակ դարձրեց։ Եվ այժմ տեսնում ենք սրա արգավանդ ու բերրի հողերը, արտերն ու անդաստանները և բազմապատիկ գյուղերի ու մեծատարած ավանների ավերակները։ Նաև [տեսնում ենք] անառիկ ամուր, հաստահեղույս քարեղեն, կրով հեղուսված անմատչելի բերդերի ավերումը, տապալումն ու քայքայումը։ Եվս ավելի մեծափառ, հռչակավոր վանքերը սուրբ աստծու տեղ ու հանգստարան էին։ Իսկ Հայոց աշխարհի երկնանման, բարձրաբերձ, գմբեթաշեն, կոփածո, հաստահեղույս վեմերով կառուցված եկեղեցիները, որոնց մեջ հորինված էին շուշանների, կենդանիների զանազան ու պես-պես նկարներ ու ձևեր՝ գեղեցիկ հորինվածքով տեսակ-տեսակ հնարամտությամբ քանդակված վեմերի վրա։ Սրանց ձևն ու շինվածքի դիրքը, սյուները, տեսակ-տեսակ կամարների երնախարիսխները, լուսանցույցներն ու դռները և ամեն ինչ խորհրդավոր են։ Նաև տեսնում եմ քաղցրահամ, ականակիտ, մշտահոս ջրերի աղբյուրակները և կարկաչահոս, ծիծաղախիտ, մշտընթաց, հառաջախաղաց ջրերի վտակները, որ ձյունաբարդ, սպիտակափառ, բարձրաբերձ լեռների գագաթներից ներքև հոսելով իջնում են դաշտը ու նրանց շենություն պարգևում։

Նաև տեսնում եմ քաղցրաշունչ, առողջարար ու կենսապարգև օդը ու սրա հողմը։ Եվ սրա այլ ամեն վայելչությունները տեսնելով, հեղձամուղձ լինելով փղձկում եմ և արտասվելով ողբում ու կսկծում եմ, որովհետև անապատ եղավ մեր վայելուչ ու քաղցր երկիրը։ Եվ մեր հայրենի ու բնիկ Ժառանգություններից, օրհնված երկրից, որ լիքն էր աստծու սրբերի մասունքներով, ոռոգված էր սուրբ մարտիրոսների արյունով և օրհնված էր սուրբ առաքյալների քարոզներով, եղան վտարանդի ու տարագրված օտար երկիր, այլացեղ և այլալեզու ազգերի մոտ, որոնք հոգու և հավատի թշնամիներ են ու մարմնի արյան ծարավի։ Նրանք այնտեղ օրավուր քիչ-