Էջ:Arakel of Tabriz, History.djvu/522

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ամբողջ ազգը անարգել ու հայհոյել, նախատել ու թքել։ Նաև հենց իրենք հրեաները ամաչեցին ու կորագլուխ եղան, ամոթից իրենց տներից դուրս չէին գալիս։ Իսկ Սաբեթան, որ երբեմն պարծենում էր, թե երկինք պետք է ելնի, այժմ իջավ անդունդները։ Նա որ Աբրահամով, Իսահակով, Հակոբով, Մովսեսով խրախուսվում էր, այժմ նրանց ուրացավ ու դարձավ Մահմեդի հպատակ։ Նա, որ ասում էր, թե ամբողջ աշխարհը կդարձնեմ իմ հավատին, ինքն իր հայրենի ու աստվածատուր հավատը ուրացավ, քանի որ նրա միտքը կառավարող սատանան նրան այսպիսի փառքի հասցրեց։ Նա, որ սուտ էր համարում ճշմարտապես եկած մեր Քրիստոսին, ինքը խայտառակվեց մեր Քրիստոս-աստծու զորությամբ։ Եվ Քրիստոսի խոսքը կատարվեց, որ և ասաց, թե՝ «Կգան Քրիստոսներ ու սուտ մարգարեներ»։ Եվ ահավասիկ տեսանք մեր ժամանակ, և փառավորվեց մեր տեր Հիսուս Քրիստոսի անունը իր շնորհներով ու զորությամբ, ուստի նրա անունը թող օրհնվի ու փառավորվի ամեն ժամանակ հավիտյանս հավիտենից. ամեն։

1116 (1667) թվի նոյեմբերի 14-ին չորեքշաբթի ժամը իննին Երզնկա քաղաքում երկրաշարժ եղավ։ Նախապես խոր անդունդներից դղրդոցի ձայն լսվեց, ապա հանկարծակի ակնթարթում երկրաշարժ եղավ։ Բազմաթիվ շինվածքներ, տներ, մզկիթներ, եկեղեցիներ, բաղնիքներ, իջևանատներ, քաղաքի պարիսպը և այլ կառույցներ փլվեցին, ու շատ մարդիկ սպանեցին. սրանց որբանությունը միայն աստված գիտի։

1117 (1668) թվի հունվար ամսի 4-ին սաստիկ ահավոր երկրաշարժ եղավ Ատրպատականի բոլոր սահմաններում առավոտյան մինչ հարցի ժամն էինք ասում[1] եղավ թնդյուն և սրանից հետո տեղի ունեցավ երկրաշարժը։ Երկրաշարժը այնքան ուժեղ էր, որ մինչև անգամ եկեղեցում կախված բոլոր կանթեղներն ու ջահերը տարուբերվելով գնում-գալիս էին, իսկ մարդկանց, որ հենվել կանգնել էին պատերին կպած, հեռու շպրտեց։ Այս երկրաշարժը եղավ Արտաբիլ քաղաքում, Թավրիզում, Երևանում, Տփխիսում,

  1. «Օրհնյալ ես, Աստուած հարցն մերոց» շարականը։