հետո հայրապետի ահեղ հրամանը ինձ տկարիս հասավ իբրև անարժան մեկի, իբրև մի տկար կենդանի, որ բռնվում է ցանցերով ու որոգայթներով և չի կարողանում ազատվել: Համարեք, որ սրա նմանությամբ խղճալիս բռնվեց այս գործի ցանցում։ Եվ այս այսքան պատճառների մասին։
Առաջին՝ ինչպես վերևում ցույց արվեց, չկարողացա հայրապետի հրամանից ազատվել, թեպետ, բազմաթիվ միջնորդներով հայտարարեցի ու խոստովանեցի իմ տկարությունը, որ անկարող եմ սրա իրագործման համար։
Երկրորդ՝ ոչ միայն Փիլիպոս կաթողիկոսի հարկաղրանքից, այլև մանավանդ մեծահոգ ու երկայնամիտ հայրապետ տեր Հակոբ Ջուղայեցի կաթողիկոսի հարկադրանքից, որ Փիլիպոս կաթողիկոսից հետո հայրապետական գահը՝ Սուրբ Էջմիածնի աթոռը ստանձնեց։ Սա ևս ինձ հարկադրեց այս գործի համար, որ լքել էի, քանզի չափազանց շատ հոգնեցուցիչ, աշխատատար ու լուրջ թվաց ինձ այս գործը, ուստի հեռացա ու հրաժարվեցի սրա գրելուց, և այս ձեռնարկս որոշ ժամանակ մնաց խափանված։ Ապա այնուհետև մեր սրբազան հայրապետ Հակոբ կաթողիկոսը վերստին հիշեցրեց այս գործը և ինձ իր առջև կանչեց և բազմաձև խոսքերով երկրորդ անգամ ինձ մղեց այս գործի մեջ։ Այնուհետև ծանր համբերատար չարչարանքներով հազիվ այսքան պատմություն հավաքեցի ու գրեցի։ Երրորդ՝ նաև ես ինքս տեսա Հայաստան աշխարհի ավերները, մեր ազգի պակասելը և մահմեդականների չարությունը. կսկծալի մորմոքումով այրվում էր իմ սիրտը, ուստի համաձայնվեցի սրանց արձանագրությունը կատարել։ Չորրորդ` մանավանդ տիրոջ հանդեպ ունեցած բարի հիշատակի համար, որովհետև նայելով իմ հանցանքների շատությանը խղճմտանքիս մեղադրությանը և անձիս մեջ բնավ չունենալով բարի նշույլի մասնիկ, հուսալով մարդասեր աստծու առատ ողորմության վրա, որ մի բաժակ ջրի վարձը անտես չարեց, հոգացի սրա մասին և իբրև այրու լուման գցեցի տիրոջ գանձանակը[1], որ թերևս սրանով գտնեմ ներումն իմ աններելի հանցանքների համար, քանի որ տիրոջական պատկերը տգեղացրի տղմալի ցեխի մեջ։ Նաև մեծ
- ↑ Տես Մատ. ԻԵ 27, Ղուկ. ԺԹ 23