խոսքը՝ «Զի ի Սիոնէ ելցեն օրէնք եւ բան տեառն Երուսաղեմէ (տես Միքիէ Դ, Ձ)։ (էջ 201)։
101. Կտուցը Վանա լճի արևելյան մասում կղզի է ափից մեկ կմ հեռու։ Կտուց է կոչվել մի ժամանակ տեղատվության հետևանքով թերակղզի դառնալով։ Եղել է նաև գրչության կենտրոն, ունեցել է անապատական միաբանություն։ (էջ 202)։
102. 150 սաղմոսը բաժանվում է ութ կանոնի, այս ութ կանոնից յուրաքանչյուրը բաժանվում է 7 մասի, յուրաքանչյուր վերջին սաղմոսը, որ իր բովանդակությամբ կարևորն է, կոչվում է կանոնագլուխ։ (էջ 204)։
103. «Հայսմավուրքը» գիրք է, որտեղ համառոտված են սրբերի վարքն ու վկայաբանությունները. անունը ստացել է «յայսմ աւուր տօն է» նախադասության հաճախակի կրկնությունից։ (էջ 204)։
104. Շարականները եկեղեցական երգեր են, որոնց հավաքածուն կոչվում է շարակնոց։ (էջ 204)։
105. Հոչանց գյուղը գտնվել է Մեծ Հայքի Սյունյաց նահանգի Աղահեճք գավառում, որ համապատասխանում է այժմյան Լաչինի շրջանին։ Այստեղ հայտնի են եղել Քաշաթաղ [Քշաթաղ] և Խոժոռաբերդ ամրոցները։ (էջ 206)։
106. Շինուհայրը կամ Հալիձորը Մեծ Հայքի Սյունյաց նահանգի (այժմյան Գորիսի) գյուղերից է։ (էջ 208)։
107. Մոկսը Մեծ Հայքի ամենափոքր նահանգն էր, որ հյուսիսից ու արևելքից սահմանակից էր Վասպուրականին, արևմուտքից Աղձնիքին, հարավից Կորճայքին։ (էջ 211)։
108. Վարագը լեռ է Վանի մոտ, որի արևելյան ստորոտին գտնվում էր հռչակավոր Վարագա վանքը։ Դավրիժեցին ակնարկում է այս վանքը, որ այժմ թուրքերի կողմից փլատակված է։ (էջ 211)։
109. Գողթնի գավառը գտնվում է Մեծ Հայքի Վասպուրական նահանգում. ընդգրկել է այժմյան Նախիջևանի Օրդուբադի շրջանը։ Ցղնան Գողթնի գյուղերից է։ Այս գավառի նշանավոր բնակավայրերն էին Ջուղան, Վերին Ագուլիս գյուղաքաղաքը, Օրղվաթ գյուղը և այլն։ Այս գավառում կային նաև նշանավոր վանքեր Վերին Ագուլիսի Ս. Թովմա Առաքյալի վանքը, Ցղնայի Ս. Աստվածածին եկեղեցին, Մսրվանիսի [Մեսրոպավանի] Ս. Մեսրոպ վանքը և այլն։ (էջ 212)։
110. Աստապատ գյուղաքաղաքը Մեծ Հայքի Վասպուրական նահանգի Նախիջևան գավառում է Արաքսի ձախ ափին։ Նշանավոր հուշարձաններից են Ս. Վարդան վանքը և Ս. Ստեփանոսը, որ Աստապատից հարավ-արևելք 3 կմ հեռավորության վրա Արաքսի ձախ ափին շինված է մի քարքարոտ բլուրի վրա, կոչվում է Քարատակի կամ Կարմիր վանք։ Ահա այս վանքի մասին է խոսում Դավրիժեցին։ (էջ 214)։
111. Ամաղեկացիները անապատաբնակ թափառական արաբական ցեղեր էին, որ իսրայելցիների հայրենիք վերադարձին հարձակվեցին նրանց վրա։ Հեսուն իսրայելցիների առաջնորդն էր արդեն Մովսեսից հեռու։ Ամաղեկացիները այդտեղ ջարդվեցին (տես Ելք ԺԷ 8-16)։ (էջ 215)։