Եվստաթեի վանք, որ հետո ժողովրդի բերանում հնչյունափոխվելով դարձել է Տաթևի վանք։ Ալիշանը կտրականապես մերժում է այսպիսի վարկածը՝ նշելով, որ Ստաթե կամ Եվստաթե առաքյալ Հայաստանում չի եղել և նման բան պատմագիրներից ոչ ոք, նույնիսկ Ստեփանոս Օրբելյանը, որ այնքան մանրապատում է և սիրահարված իր երկրին ու սրա վանքերին և հատկապես Տաթևի՝ իր առաջնորդած վանքին, նման բան չի հիշում և մանավանդ Տաթևի՝ անունը ավելի հին է, քան ավանդությունը և մանավանդ նախապես այդ անունը եղել է գյուղի վրա։ Տաթևը գտնվում է Մեծ Հայքի Սյունյաց նահանգի Ծղուկ գավառում այժմյան Գորիս քաղաքից հարավ-արևմուտք մի քանի կմ-ի վրա։ Այնտեղ անշուշտ հին վանք եղել է, բայց ներկայիս կիսաքանդ և վերանորոգվող վանքը հիմնադրվել է 895 թվին տեր Հովհաննես եպիսկոպոսի առաջնորդությամբ։ (էջ 200)։
93․ Ալիշանը իր «Սիսական» աշխատության մեջ հիշատակում է Ձորո վանքը և Ցրվանցը իբրև միևնույն վանքը, սակայն ստույգ տեղը չի որոշում, պետք է որ Տաթևի մոտերքը լինի։ Կառուցվել է 9-րդ դարի վերջերին։ 881 թվականին հիշատակվում է Կուրագետի Սմբատ երեցը։ (էջ 200)։
94. Թանահատի կամ Թանատի վանքը գտնվում է Հայկական ՍՍՀ-ի Սիսիանի շրջանի Արևիս գյուղի հյուսիսային կողմում։ Կառուցվել է 5-րդ դարում։ Օրբելյան պատմիչը Տաթևից հետո իր նշանակությամբ երկրորդ նշանավոր վանքն է համարում։ Այժմ խիստ ավերված է։ (էջ 200)։
95. «Հարանց վարքերը» ժողովածուներ են, որտեղ նկարագրված են եկեղեցական գործիչների՝ ճգնավորների սրբակրոն կյանքը, նրանց տանջանքները կրած նեղությունները հանուն քրիստոնեության, հանուն մեղքերի թողության, նաև դիվական փորձությունների դեմ պայքար, հրաշապատում տեսիլքներ և այլ հետաքրքրական զրույցներ են։ (էջ 200)։
96. Լիմը Վանա ծովի ամենամեծ կղզին է, որ գտնվում է լճի հյուսիս-արևելյան կողմը։ Ափից հեռու է մեկ կմ: (էջ 201)։
97. Շամբ կամ Դարաշամբը հայկական գյուղ էր Արաքսի պարսկական ափին, այժմ թերևս արդեն անմարդաբնակ է։ Այդտեղ է գտնվում Նախավկայի վանքը։ (էջ 201)։
98. Բարկաշատը ըստ «Բնաշխարհիկի» ավերակ է Վանա ծովի հյուսիսային ափին Արճկեից հարավ-արևելք, հավանորեն սա Սյունիքի Բարկուշատն է, որ գտնվում է Բաղք գավառի արևելյան մասում։ Այդ է ապացուցում Տանձափարախ տեղանունը, որը ըստ Ալիշանի «Թողնելով ժամանակին ու հարմարությանը այս հայտնելու՝ որոնենք մյուս անվանի վանքը, որի տեղը նույնպես որոշ չէ, ոչ էլ նշված է քարտեզի վրա, այլ հավանորեն Բաղքի հարավարևմուտքի մասում է տեղադրված՝ Կապան գետի վտակի հովտում, որ կոչվում է Տանձափարախ» (Ալիշան, «Սիսական» 278)։ Իսկ պատմական Բաղք գավառի մի մասը մտնում է այժմյան Ղափանի շրջանի մեջ։ (էջ 201)։
99. Շամքորը Մեծ Հայքի Արցախ նահանգի Փառնես գավառն է, որտեղ գտնվում էր Փառիսոս քաղաքը, այժմ կոչվում է Կալաքենդ։ (էջ 201)։
100. Սիոնը Երուսաղեմի հարավում գտնվող բարձր բլուր է։ Իսկ Աստվածաշնչի