Jump to content

Էջ:Arakel of Tabriz, History.djvu/59

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

համար. կանչեց իր առջև նույն Հանիս Թահմազղուլի բեկին և հարցրեց, թե՝ «Ջուղայի բնակիչներին տեղահանելուց հետո, այրեցի՞ն Ջուղայի շինվածքները»։ Երբ պատասիան ստացավ նրանից, թե թագավորի կողմից մեզ չէր հրամայված, այդ պատճառով չայրեցինք, բազմաթիվ հանդիմանություններից հետո անմիջապես հրամայեց իսկույն մեծ զորքով վերադառնալ և այրել տների ու այլ շենքերի կառույցները: Սա բազմաթիվ հրոսակներով շեշտակի հասավ Ջուղա, առան իրենց ձեռքերը վառված ջահեր, բոցավառ եղեգներ, նավթի լապտերներ, սկսեցին այրել ու հրդեհել, քանդել առաստաղները, տապալել պատերի շարվածքները։ Բնավ չթողին ծածկված կամ շեն հարկ, այլ ավերի ու ոչնցացման հասցրին: Երբ իրենց չարագործությունը վերջացրին, դարձան եկան բուն բանակատեղը ու ներկայանալով արքային պատմեցին, թե տեր, եղավ այնպես, ինչպես հրամայեցիր։

Այնուհետև շահը հրամայեց Թահմազղուլի բեկին, թե մի թողնիր Ջուղայի ժողովուրդը նստի, այլ քշելով տար հասցրու Թավրիզ։ Եվ նա իսկույն եկավ, ժողովրդին շարժեց այնտեղից, որտեղ ճամբարված էին: Եվ այն օրն ու ժամին, երբ ամեն մեկը բարձում էր իր բեռը, երկինքն ու իր օդը միասին փոթորկվեցին քրիստոնյա ժողովրդի վրա, քանզի կուտակվեցին ամպերը, փոթորկվեց օդը, մթնեց երկինքը, փչեցին ուժգին հողմեր, փայլատակում էր կայծակը մեծ ճայթյունով, տեղացին ձյունախառն անձրևներ ու ծեծելով տանջեցին քրիստոնյաներին։ Նրանք, ովքեր մարմնով զորեղ էին, կամ գրաստ ունեին, գնացին, իսկ տկարները օրեր հետո եկան հասան տառապանքով ու չարչարանքով։ Ծանր տառապանքներով ու տաժանքի մեջ բերին հասցրին Թավրիզ քաղաքը։

Այնտեղ՝ Թավրիզում չար մարդիկ իրենց սրտի չար մաղձից չար Թահմազղուլի բեկի մոտ չարախոսեցին Ջուղայի մասին, հիշեցին, թե դեռևս Ջուղայում մնացած մարդիկ կան, որովհետև շատերը փախչելով լեռներն ու ձորերը, մի մասն պատճառաբանելով տկարությունը, ոմանք ծերությունը, ոմանք աղքատությունը, իսկ ուրիշներն էլ այլ պատճառներով չեկան, այնտեղ մնացին ու այժմ գտնվում են Ջուղայում։ Երբ Թահմազղուլի խանը այս լսեց, սաստիկ զայրացավ,