Jump to content

Էջ:Arakel of Tabriz, History.djvu/58

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

շատ քրիստոնյաներ եկան խառնվեցին քահանաներին. նրանք ևս բերին իրենց տների բանալիները և միասին աղիողորմ ձայնով աղաղակ բարձրացրին, փղձկացող սրտով, արտասվալից աչքերով գոռում էին ու լալիս և աղաղակելով կանչում էին Աստվածածնին ու ասում. «Ով սուրբ Աստվածածին, մեր սուրբ եկեղեցու ու տների բանալիները քեզ ենք հանձնում, որ դու այն օտար երկից, ուր տանում են մեզ, վերադարձնես մեր տեղերը։ Այս ասելով բանալիները նետեցին գետը և մորմոքանքով շատ ժամեր բարձրաձայն լաց եղան, ու ապա գնացին»։

Եվ այսպես Ջուղայի բնակչությունը՝ հարուստներ, թե աղքատներ, դուրս եկավ Ջուղայից և գնաց Արաքս գետի ափը գետն անցնելու համար։ Այնտեղ խմբված տեղավորվեցին, մինչև որ ողջ ժողովուրդը գյուղից դուրս եկավ. գետեզրում հավաքված խմբվածների մոտ։ Եվ երբ ժողովրդի գալը դադարեց, այն ժամանակ պարսիկների կողմից հրամայվեց ժողովրդին, թե գետն անցեք։

Այս օրերին Շահ-Աբաս թագավորը հասել էր Ջուղա և բանակել Արաքս գետի ափին. այդ ժամանակ իբրև թե խղճալու և ջուղայեցի ժողովրդին օգնելու համար Շահ-Աբաս թագավորը հրամայեց իր զորապետներին, որպեսզի սրանք էլ կարգադրեն իրենց զորքերին, ժողովրդին օգնեն, ձիանքով, ուղտերով անցկացնեն գետի այն կողմը։ Պարսից հեծյալները քրիստոնյա ժողովրդին անցկացնելիս ում իրենց սիրտը կպչում էր, լիներ կին, աղջիկ, տղա կամ ապրանք, առնում տանում էին, ուր կամենում էին, իսկ նրանց տերերը չէին կարող գնալ նրանց հետևից, և նրանք կորուստի ու գերության էին մատնվում։ Իսկ ովքեր տկար էին, թափվում էին ջուրը, ծփալով ու ճչալով գնում էին ջրի երեսին, և շատերը խեղդվում էին ջրում ու մեռնում։ Գետի երկու եզրերում ցրված էին ջրից խեղդված մարդկանց մարմիններն ու դիակները։ Ահա այսպիսի տառապանքով ժողովուրդը անցավ Արաքս գետը․ մի քիչ առաջ գնալով՝ ճամբար դրեցին, մինչև ամենքը ժողովվեցին հավաքատեղում։

Եվ նույն տագնապալից օրերում չարիք մտորելու մեջ հանճարեղ Շահ-Աբասը ավելի նոր չարիքներ մտածեց Ջուղայի