եկեղեցիների [Հայաստանում ունեցած] սուրբ խաչի նշանը իբրև պսակ ու պարծանք քրիստոնյաների։
Եվ Ջուղայի ժողովուրդը, բոլոր հայկազունները, որոնք գնացին Սպահան քաղաքը ու այնտեղ բնակված մնացին, շատ պատճառներ ունի։ Քանզի Շահ-Աբաս թագավորը բազմահանճար, խելացի, կանխատես մարդ էր, հայոց ազգի համար հնարեց բազում ու տեսակ-տեսակ հնարավորություններ, որպեսզի մնան Պարսկաստանում, եթե այդպես չվարվեր, չէին մնա։
Նախ՝ ինքը Շահ-Աբասը սիրալիր էր հայ ազգի հանդեպ, մեծարում էր նրանց՝ մանավանդ ջուղայեցիներին, որոնց գլխավորի անունն էր խոջա Սաֆար, սրա եղբորը՝ խոջա Նազար և սրանց որդիները՝ Մելիք աղա, Սուլթանում ու Սաֆրազ: Մշտապես շահը գալիս էր նրանց տները, ուտում ու խմում էր նրանց հետ նրանց կերակուրները առանց խտրություն դնելու, ինչպես որ պարսիկները սովորություն ունեն քրիստոնյաների նկատմամբ խտրական լինելու։ Այլև շահը ինքը նրանց տուն էր հրավիրում իր սեղանին ու պատվում էր իր մեծամեծերի հետ, այլև պատվիրում էր իր նախարարներին նույնը անել։
Երկրորդ՝ որովհետև թագավորական տուրքը, որ քրիստոնյաները վճարում էին, թեթև էր առնում, այնպես որ քրիստոնյաներին հաճելի լիներ։
Երրորդ՝ եթե վեճ ու կռիվ, խռովություն էին պատահում քրիստոնյաների ու մահմեդականների միջև, կամ դատական այլ գործ՝ մեծ կամ փոքր, քրիստոնյաներին արդարացնում էր, մահմեդականներին դատապարտում։
Չորրորդ՝ երբ քրիստոնյաներին բերեց հասցրեց Սպահան, ու սրա գյուղերը, շատ մահմեդականների արտաքսեց իրենց տեղերից ու բնակավայրերից, նրանց տներն ու արտերը տվեց քրիստոնյաներին։
Հինգերորդ՝ հոժար կամքով հրամայեց ամենուրեք լայնանիստ ու բարձրաշեն եկեղեցիներ շինել Ջուղայում (Նոր) ու գյուղերում, նաև քաղաքի բերդի մեջ (գուցե միջնաբերդում), այնքան հոժարությամբ, որ ինքն էր հորդորում