քրիստոնյաներին եկեղեցիներ շինել։ Մեծամեծ տոների օրերին՝ հարության, համբարձման և այլ տոներին, գալիս էր եկեղեցիները և ուրախանում քրիստոնյաների հետ։
Վեցերորդ՝ քրիստոնեական ամեն կարգ ու դավանություն քրիստոնյաները կատարում էին համարձակորեն. զանգեր զարկել, ժամասացություն անել, ջրօրհնեքը մեծախումբ հանդեսով տոնել, նաև ինքը՝ շահն էլ էր գալիս ջրօրհնեքին և տեսնելով ուրախանում էր։ Մեռելներին խաչվառով, շարական երգելով հանում էին քաղաքից, անցկացնում էին շուկայի միջով ու տանում թաղելու, և պարսիկներից ոչ ոք անարգական կամ հայհոյական բառ չէր ասում։ Եվ այսպիսի շատ օրինակներով ու տեսակ-տեսակ միջոցներով շահը ամոքում էր քրիստոնյաների սրտերը, որի համար էլ [հայերը] մնացին Պարսկաստանում։ Շահը քրիստոնյաներին այնքան համարձակություն տվեց, որ երբ հրապարակներում կամ շուկաներում քրիստոնյաների ու մահմեդականների միջև վեճ ու կռիվ էր պատահում, (կռվողները) համահավասար միմյանց ծեծում էին և հայհոյում առանց երկյուղի։ Սրա վրա այնքան էին վշտանում պարսիկները և նրանց գրագետներն ու մեծամեծերը, մինչև որ շահին ասել էին, թե ինչո՞ւ քրիստոնյաներին թույլ ես տվել այդքան համարձակվել և կամ ինչո՞ւ մոլար կրոնից չես դարձնում Մահմեդի ճշմարիտ կրոնին:
Իսկ շահը տեսնելով նրանց սրտի վիշտը, հայտնել էր նրանց իր սրտի գաղտնիքը և ասել էր. «Դուք այդ դատարկ սիրալիրության համար, որ տածում եմ քրիստոնյաների հանդեպ, մի վշտանաք ու ինձ մեղադրեք, որովհետև ես ծախսերով, ջանքով ու հնարներով հազիվ կարողացա նրանց այս երկիրը բերել։ Ես նրանց չբերեցի իրենց օգուտի համար, այլ որպեսզի մեր երկիրը շենացվի ու մեր ազգը ավելանա: Եվ այժմ քրիստոնյա ազգի մարդկանց, որոնք իրենց երկրից եկել են ու այժմ մնում են, եթե նրանց ամենքին մաս առ մաս կոտորենք, հոգ առ հոգ բաժանենք, նրանցից ոչ ոք մեր կրոնին չի դառնա, նաև մյուսները խրտչելով կսկսեն թաքուն փախչել և վերադառնալ իրենց երկիրը, իսկ մեր աշխատանքը իզուր կանցնի։ Այդ պատճառով եմ ես նրանց նկատմամբ սիրալիր, որպեսզի դրանով կապված մնան մեր երկրռւմ, իսկ նրանց մեծ մարդիկ, որոնք ծնվել են Հայաստանում ու