Jump to content

Էջ:Arakel of Tabriz, History.djvu/63

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

եկել այստեղ, ամենքը կմեռնեն, նրանցից ծնվածները, որոնք այս երկրում են ծնվում, նրանք բոլորը առանց մեր կանչի ու ջանքի իրենք իրենց հոժարությամբ կգան մեր օրենքին։ Արդ՝ եթե դուք էլ եք կամենում մեր ազգի շահը, դուք էլ արեք այնպես, ինչպես ես եմ անում»։ Ապա նրանց դուրեկան շահի խոսքերը, և նրանք, գովելով շահի իմաստությունը, հեռացան։

Շահ-Աբասի իր մեծամեծներին ասված այդ խոսքերը այս ժամանակ՝ մեր օրերում, լիապես կատարվեցին, որովհետև մեծ մարդիկ, որ ծնված էին Հայաստանում և այնտեղից եկել էին Պարսկաստան, նրանք ամենքը մեռան։ Եվ չնայած մտադրվել էին վերադառնալ իրենց երկիրը, չկարողացան վերոհիշյալ պատճառներով, նաև պարսիկները թույլ չէին տալիս։ Իսկ նրանցից ծնվածները, որ ծնվեցին Պարսկաստանում, այնտեղ էլ սնվեցին, սրտով կապվեցին այդ երկրին, որի համար գտնվում են այնտեղ ու մնում են, չնայած նրանցից ոմանք երկյուղած, բարեմիտ մարդիկ կամենում են գնալ Հայաստան, բայց պարսիկները չեն թողնում։ Իսկ քրիստոնյաների նոր աշխարհ եկած զավակներից ոմանք, թողած քրիստոնեության լուսապայծառ հավատքը, դարձան և տակավին դառնում են Մահմեդի անօրեն կրոնին՝ իրենց թերահավատության, գողության ու անառակության համար։ Դրանք միանալով պարսիկների հետ նեղն են գցում քրիստոնյաներին բազմաթիվ ու տեսակ-տեսակ հնարներով։ Եվ մանավանդ նրանով, որ կաշառք են տալիս մահմեդականներին ու սուտ վկաներ են դարձնում, քրիստոնյաներին քարշ են տալիս մահմեդական դատավորների մոտ դատաստանի և քրիստոնյաներից պահանջում են, ինչ որ կարողանում են հնարեն։ Ոմանցից (պահանջում են), թե պարտք ես ինձ, պարտքդ հատուցիր։ Ոմանցից էլ, թե քո ազգականն եմ, քո ամեն ինչը, բոլոր ունեցվածքը հասնում է ինձ, տուր, և այլ այս կարգի զրպարտություններ, ինչ որ կարողանում էին հնարել։ Իսկ դատավորներն ըստ իրենց անօրեն օրենքի ուրացողների խոսքերը արդարացնում են, թե որովհետև նա եկել՝ Մահմեդի կրոնին, նրան են հասնում իր ազգականների բոլոր գույքերը։ Եվ այսպես զրկում են խեղճ քրիստոնյաներին, հափշտակում են ամեն մի ունեցվածք և տալիս են