հզոր ձեռքը նաև սրանց հանի այնտեղից, ինչպես նրանց այտեղից՝ մեծ նախնի նահապետ Մովսես մարգարեի և մեծ լուսավորչի՝ սուրբ Գրիգորի մաղթանքներով։
Երբ Ջղալօղլի զորավարը հասավ Վան, իր զորքերով տեղավորվեց այնտեղ։ Հրամայեց, որ զորքերը բաժանվեն այդ երկրի բնակիչների միջև ձմեռելու համար․ և բոլոր զորքերը բաժանեցին Վանա գավառի ու սրա շրջակա գավառների վրա։ Իսկ այն զորքը, որ բաժանվեց երկրի վրա և անցավ ձմեռման իբրև Դանիելի տեսիլքի գազան[1], կերավ, մանրեց, իսկ մնացորդը ոտնակոխ արեց։ Փոխանակ երկիրը շենացնելու, ավեր դարձնելով քայքայեցին ու հասցրին վերջին թշվառության, թե անխիղճ կեղեքումով և թե այլ պղծագործությամբ։
Իսկ Ջղալօղլին, երբ տեսավ, թե շահը Երևանից Թավրիզ վերադարձավ, իսկ Երևանի երկրամասը անտեր մնաց, Օմար տղա անունով նշանավոր մարդկանցից մեկին նշանակեց զորապետ և նրա հետ մեծ զորք դնելով ուղարկեց Երևանի կողմերը, որպեսզի տիրի երկիրը։ Նա եկավ բանակեց Նախիջևանում և պահպանում էր այդ երկրամասը։ Իսկ Թավրիզում գտնվող շահը, երբ այս լսեց, նա ևս Ամիրգունա խանին մեծ զորքով ուղարկեց Օմար աղայի վրա։ Ամիրգունա խանի զորքը եկավ կռվեց Օմար աղայի դեմ, սպանեց նրան, ջարդեց նրա զորքը և զորքից շատերին կենդանի բռնեց. այս բռնածներին ու սպանվածների գլուխները ուղարկեց Թավրիզ շահի մոտ, իսկ ինքը անշարժ նստեց Օմար աղայի տեղում՝ Նախիջևանում, և պահպանում էր երկիրը, ինչպես որ նրան հրամայել էր շահը։
- ↑ Դանիելը աստվածաշնչական մարգարե է․ երազում չորս գազան է տեսնում, չորրորդ գազանի մասին ասվում է․ «Ուտեր և մանրէր և զմնացորդս առ ոտն տրորէր» (Դան. է 7):