Իսկ Ջղալօղլին, ապրելով Վան քաղաքում, այնտեղ անցկացրեց ձմեռվա ցրտաշունչ եղանակը, երբ հասավ գարնան ժամանակը, հանեց իր ու իր բանակի ձիերի բոլոր երամակները կանաչի վրա արոտի, որպեսզի ձիերը գարնան կազդույրը առնեն։ Իսկ չար խորհուրդների մեջ հանճարեղ Շահ-Աբասը, որ այդ ժամանակ Թավրիզում էր, Ալահվերդի խանին բազմաթիվ զորքով պատրաստեց և ուղարկեց Վան (թուրք) զորավարի ձիերի հարցով, որ ինչ կարող է անել, անի։ Եվ Ալահվերդի խանը Թավրիզից ելավ անսպասելի ու անկարծելի մի օր հասավ Վասպուրականի գավառը, այսինքն՝ Վանա գավառը։ Նախքան որևէ գործ անելը հասավ օսմանցիների ձիերի հավաքատեղին և ձիերից ինչ որ արձակ գտավ, ավարեց, տարավ իր բանակը, իսկ ինչ որ շղթայված էր և ոտնակապված, բոլորը ջլատեց ու կոտորեց, իսկ ինքը երկրում բանակ զարկեց և անշարժ նստեց։
Երբ Ջղալօղլին տեսավ, որ Ալահվերդի խանը եկավ և այս բանը կատարեց, նա էլ բազմաթիվ զորքեր կազմեց-պաարաստեց և սրանց զորապետ նշանակեց Վանա փաշային։ Եվ երբ հասավ կռվի օրը, Վանա բերդի դիմացի դաշտի մեջ ելան միմյանց դեմ ճակատամարտելու, իսկ Ջղալօղլին նստած բերդի պարսպի վրա նայում էր մարտիկներին, որովհետև բերդից շատ հեռու չէր ճակատամարտի տեղը։ Երբ երկու կողմերն էլ խառնվեցին իրար, այնտեղ եղավ խիստ դաժան գործ և անասելի ջարդ, որովհետև ինչպես հող ու քար մարդկանց դիակները ընկած մնացել էին դաշտի երեսին։ Եվ օսմանյան կողմը պարտվեց, իսկ պարսից կողմը ուժեղացավ։ [Պարսիկները] օսմանցիների զորքերին հալածեցին մինչև Վանա բերդի դուռը։ Օսմանցիներին հալածելիս երկու պարսիկներ հետապնդելով նրանց և քշելով հասցրին մինչև բերդի դուռը։ Եվ երբ օսմանցիք մտան պարսպի մեջ, մտան նաև պարսիկները, այնտեղ երկու պարիսպների միջև, որոնց կոչում են Սիրհաճ, երկուսից մեկին օսմանցիք բռնեցին ու տարան։ Իսկ մյուս պարսիկը այնտեղ սպանեց մի օսմանցու և իրեն վերցրեց օսմանցու գլուխը։ Ապա նույն պարսիկը վերցրեց իր թաշկինակը ձգեց դեպի երկինքը և ներքևի կողմից քաշեց իր սուսերը և օսմանցիների ու Ջղալօղլու առջև կտրելով երկուսի բաժանեց իր թաշկինակը. այս բանը Ջղալօղլին իր աչքով