Jump to content

Էջ:Arakel of Tabriz, History.djvu/68

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

տեսավ, քանի որ նստած էր պարսպի վրա այդ տեղին մոտիկ։ Եվ երբ այս տեսավ Ջղալօղլին, իր թաշկինակը դրեց աչքերին, արտասվելով լաց եղավ, քանզի իր հոգում իմացավ իր ազգի պարտությունը և պարսիկների հաջողությունը։ Իսկ այն պարսիկը, որ իր թրով զարկեց ու կտրեց իր թաշկինակը, դուրս եկավ պարսպից, գնաց խառնվեց իր գնդին՝ պարսից զորքերին։

Ալահվերդի խանը օսմանյան գորքին հաղթելուց հետո ելավ այնուհետև երկիրը ավարելու և ոչնչացնելու ըստ տիրոջ ասածի, թե նախ հզորին կկապի, ապա հետո նրա տունը ավարի կենթարկի[1]։ Այսպես էլ սա արեց, որովհետև ցորենի ու այլ ընդեղենների, խոտի ու հարդի բոլոր ամբարանոցները և տների բոլոր շինվածքները հրով այրեցին։ Ուր որ կարողացան հասնել, գավառների բոլոր ձեռք ընկած բնակիչների արուներին կոտորեցին, իսկ մյուսներին գերեցին։ Եվ մեծ ամբոխ կազմած թե մարդ, թե անասուն միասին քշեցին բերին հասցրին Թավրիզ պարսից ազգի լիության համար։

Իսկ Ջղալօղլին երբ տեսավ այսպիսի մեծ պարտությունը, Վանից ելավ, մտավ նավ ու ծովով գնաց Արծկե, այնտեղից Խնուս, Խնուսից էլ Կարին ու նստեց այնտեղ։ Իր մոտ կանչեց շրջակա բոլոր իշխաններին, վրաց ու մարերի կողմերի իշխաններին․ սրանց հետ էր նաև մարերի Միրշարաֆ անունով մեծ իշխանը։ Եվ այսպես այն սահմանների բոլոր կուսակալներին հավաքեց Կարին քաղաքում, այսինքն՝ Էրզրումում։ Եվ նրանց հրամայեց, որ յուրաքանչյուրը իր զորքով ամեն կազմվածով ու ռազմական սարվածքով պատրաստ լինի, որպեսզի, երբ ինքը՝ Ջղալօղլին, Վան հասնի, սրանք ևս այնտեղ գտնվեն և միանալով միասին գնան Թավրիզ պարսից դեմ պատերազմելու։

Ապա Ջղալօղլին Կարինից դուրս եկավ, գնաց Տիգրանակերտ53, այսինքն Ամիդ․ այնտեղ դադար առնելով՝ հոգում էին ռազմական պատրաստությունները, հավաքում էր իր մոտ

  1. Այլ ոչ ոք կարէ զկարասի հզօրի մտեալ ի տուն նորա աւար հարկանել, եթէ ոչ նախ զհօրն կապիցէ եւ ապա զտուն նորա աւար հարկանիցէ (Մարկ․ Գ 27)