Jump to content

Էջ:Arakel of Tabriz, History.djvu/77

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Ոչ միայն այս ջալալիներն էին այդպես անում, կային այլ ջալալիներ, ոմանք շատ, ոմանք քիչ, որ տեղից տեղ կանգ առնելով որջանում էին ու այդպիսի գործեր էին կատարում։ Նաև քրիստոնյաներից ոմանք, որոնք աստծու երկյուղը իրենց մեջ չունեին, երբ տեսնում էին, թե այլազգիները ինչպես են անում, իրենք նույնպես սկսեցին անել, որովհետև աչքերով տեսան, սրտով համաձայնվեցին. թե հայտնի հափշտակությամբ, թե գաղտնի գողությամբ այնպես էին անում, քանզի երկիրը անտեր ու ամայի էր աշխարհակալ բռնավորներից, ամեն ոք իր ցանկացածը կատարում էր ըստ իր կամքի։ Արդ՝ ինչպես պատմում են ժամանակի տեսնողները, բնավ այն օրերին բարության նշույլ չի եղել, բացի թշվառությունից, ինչպես որ պատմեցինք և տակավին պատմելու ենք։ Որովհետև արևելքի թագավոր Շահ-Աբասը պարսից զորքերով արևելյան երկրի մի բաժինը ավերակ դարձրեց: Այդպես էլ ջալալիները, որոնք արևելյան երկրի մի մասում էին, նրանցից գերազանց ավերիչներ ու ոչնչացողներ եղան։ Օսմանցիների զորահրամանատարը նրանց զորքերով Միջերկրյաքում՝ սկսած Կոստանդունոպոլսից մինչև Երևան քաղաքը ավերակ դարձրեց։ Այսպես էլ ջալալիները, որ այդ օրերում օսմանցիների երկրի կողմերում էին, նրանցից գերազանց ավերիչներ էին։ Եվ սրանք անվանի, հաղթական, քաջ պատերազմող և անպարտելի կռվող մարդիկ էին։ Եվ քանի որ այս ջալալիները շատ էին, անհրաժեշտ եմ համարում նրանց անունները թվարկել, որով կարողանաս վերահասու լինել երկրների ավերմանը, որ նրանց ձեռքով կատարվեց։ Թե որքան է եղել, ինչ որ լսել ենք ականատես պատմողներից, այն ենք գրի առնում։

Նախ Ղարա Յազիչին բազմաթիվ հեծյալներով, որ 1047 (1598) թվին ապստամբվեց թագավորից, եկավ Ուռհա66 քաղաքը, մտավ բերդը և ամրացավ։ Թագավորի կողմից հրամայվեց, որ զորահրամանատարը գա սրա վրա, իսկ զորահրամանատարը քառասուն հազար մարդով ելավ, չկարողացավ հաղթել, ետ դարձավ։ Ապա Յազիչին ելավ բերդից, այլ զորքեր հավաքելով իր շուրջը և նրանցով սկսեց երկիրը ավերել՝ նախ Ուռհան, և ապա այլ վայրեր՝ Թոքաթը, Սեբաստիան67, Բուրսան68, Անկյուրան69 և այլ վայրեր, ուր հանդիպեց: