Էջ:Arakel of Tabriz, History.djvu/76

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

պատճառով ջալալիներից շատերը ելան գնացին Գեղամա գավառը և բազմաթիվ գյուղեր կողոպտելով ավարեցին։ Բանալով նրանց ցորենի ու գարու ամբարները ու սրանց (ամբարների) տերերի ձեռքով բարձին այս վերջինների անասուններին, իրենց էլ դարձրին պահապաններ իբրև կոռ՝ բեռնակիր անասուններ վարող ու քշող. սրանց միջոցով ցորենը բերում էին իրենց տները: Նաև կանանց ու տղաներին գերեցին, բերին իրենց հետ, որպեսզի գերիների տերերը գերիներին գնելու և ետ դարձնելու համար արծաթ ու ոսկի բերեն։ Եվ երբ ըստ իրենց սրտի ուզածի նման ինչ կամեցան, արին, ապա գերված կանանց ու տղաներին քշեցին և պահապան բռնված տղամարդկանց միջոցով բոլոր բեռները բարձին նրանց գրաստներին ու եզներին։ Բազմաքանակ անասուններ՝ հոտով ոչխարներ, նախիրներ, երամակով ձիեր քշած բերում էին։ Երբ երկու օրվա ճանապարհ եկան, քանի որ այս գործողությունները կատարվում էին ձմռանը, իսկ այդ ձմեռը ծանր էր ու ձյունաշատ, այդ պատճառով բոլոր անասունները հոգնած մնացին ճանապարհին և ձյան շատությունից ու թանձրությունից չէին կարողանում գնալ։ Այս պատճառով մնացած դրաստների բեռները շալակ-շալակ բաժանեցին և դրին գերիների՝ տղամարդկանց, կանանց, տղաների շալակները։ Եվ այսպես սարը անցկացնելով հասցրին Կարբի գյուղը: Բայց թե ժողովուրդը որքան դաժան աղետի ու փորձության ենթարկվեց այս գործից, ոմանց ձեռքերը, ոտքերը, քթերը ցրտահարվեցին, ոմանք մարմնի մասերով հոդախախտ եղան, իսկ ուրիշները սառնացուրտ, դառնաշունչ օդը շնչելուց սառեցին, այնտեղ իսկ ճանապարհին մնացին, մեռան։ Իսկ այլ ուրիշներ ցորեն շալակած կանանց մասին ասում էին՝ ծանր բեռից հոգնած, ցրտից ուժասպառված, կյանքից վհատված չէին կարողանում գնալ. շալակով նստում էին ձյան վրա, այդպես մնում ու մեռնում էին։ Եվ այսպես, ովքեր ճանապարհին մեռան, մեռան, իսկ ովքեր մնացին, բոլորին բերին հասցրին Կարբի: Ոմանց փողով վաճառեցին, ոմանց պահեցին գործերի ծառայության համար։ Իսկ ջալալիները այսպես մնացին մինչև գարուն՝ հասան մոտ համբարձման օրերին։ Ապա այնտեղից ելան գնացին Ախալցխայի գավառը, այնտեղ էլ այդ գործն էին կատարում։