Jump to content

Էջ:Arakel of Tabriz, History.djvu/79

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

երկիրը, կերավ խոտ, բույս և երևացող այլ կանաչներ։ Սրանից հետո եղավ սաստիկ սով. բնավ չէին երևում հաց, կերակուր և ուրիշ որևէ ուտելիք։

Այս ժամանակ հայ ազգը ցիրուցան եղավ, յուրաքանչյուր ոք գնում էր իր դիմացի կողմը ապրելու և ազատվելու տեղ գտնելու համար։ Ոմանք գնացին Ռումելի70, ոմանք Բուղդան71, ոմանք Լեհաստան, ոմանք Կաֆա72, ոմանք Պոնտոսի73 ծովեզրերը, ոմանք Թավրիզ ու Արդաբիլ և սրանց գավառները։ Որովհետև հիշված երկրներում ու գավառներում որքան պանդուխտ հայեր կան, այս ժամանակ և այս պատճառով են գնացել։ Եվ Շահ-Աբաս թագավորը, որ հայ ազգից այդքան շատ քրիստոնյաներ քշեց ու տարավ Սպահանի ու Ֆահրապատի գավառները, նրանք բոլորը այս ժամանակ էին եկել, երբ շահը տարավ։

Եվ ըստ այս ասածի նրանք, որ սովի ժամանակ ցրվեցին ու գնացին, և նրանք որ մնացին Հայաստանի միջնաշխարհում, հաց չունենալու պատճառով, սկսեցին ուտել կենդանիներ, խոշոր անասուններ ու ոչխարներ: Երբ ուտելի կենդանիները սպառվեցին, անցան անմաքուր կենդանիներին՝ ձի, ջորի, էշ և այլ անմաքուր կենդանիներ, մինչև իսկ շուն, կատու և այլ ինչ, որ ձեռք էր ընկնում կերակուրի պետքի համար։ Իսկ երբ սովն էլ ավելի սաստկացավ, սկսեցին մեռածներին ուտել, այլևս չէին թաղում, այլ ուտում էին, որովհետև երկրում սովը սաստկացել էր։ Եվ շատերը շատ տեղերում կենդանի մարդկանց բռնում, ուտում էին։

Ինչպես պատմեցին մեզ, թե Արարատյան երկրում Օշական կոչված գյուղում մի մարդ թաքուն փոս էր պատրաստել իր տան մեջ. օտարական մարդուն խաբում բերում էր իր տունը և սպանում ու թաքցնում էր այն փոսի մեջ և օր առ օր քիչ-քիչ ուտում էր․ այս բանը հետո գյուղի բնակիչները իմացան և հալածելով [նրան] փախցրին գյուղից։

Մի անգամ Բջնի անվանված գյուղում ճանապարհորդները, որ այնտեղով անցնում էին, տեսան, որ մի տանից ծուխ է բարձրանում։ Նշան բռնեցին ծուխը և գնացին այդ տունը, տեսան տանը երեք կին, որ պուտուկը դրել, կերակուր էին եփում։ Երբ խուփը բարձրացրին, տեսան ձեռքեր ու բազուկներ և մարդու այլ միս, որ եփում էին, որպեսզի ուտեն։ Երբ