Jump to content

Էջ:Arakel of Tabriz, History.djvu/80

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ստիպեցին, կանայք այդ խոստովանեցին. այդ ժամանակ նրանք ճշմարտությունը ասացին, թե հարկադրանքից, ոչինչ չունենք ուտելու, այդ պատճառով անցորդ մարդկանց, որ այստեղից անցնում են, խաբելով բերում ենք տուն և սպանելով եփում, ուտում ենք։

Նաև Կարին քաղաքում այս օրինակով նման գործ էր եղել, որ տեսնողները պատմեցին ինձ. չորս կանայք համաձայնության էին եկել և մի տուն դարձրել էին իրենց բնակարան. նրանցից մեկը կամ երկուսը որոշ օրեր դուրս էին գալիս շրջում. գայթակղիչ խոսքերով խաբում էին մարդկանց ու բերում տուն, մարդուն բռնում սպանում էին, եփում, ուտում։ Եվ մի օր մի մարդ տարան տուն և մինչ կամենում էին մարդուն բռնել, մարդը իմացավ նրանց մտադրությունը, շուտափույթ դուրս թռավ ազատվեց նրանց ձեռքից, փախավ, տանից ելավ. գնաց փաշայի մոտ, որ քաղաքի իշխանն էր, տեղեկացրեց նրան. իշխանը հրամայեց զինվորներին գնալ այդ մարդու հետ և կանանց բռնել. զինվորները գնացին, կանանց բռնեցին: Ապա սկսեցին տունը խուզարկել. երբ մտան խորքի սենյակը, տեսան քսանչորս մարդու գլուխ, որոնց սպանել ու կերել էին։ Զինվորները ստիպում ու խոշտանգում էին կանանց ճիշտ կերպով պատմել իրենց գործի մասին։ Նրանք պատմեցին, թե սովի հարկադրանքից, մարդկանց խաբելով բերում էինք այստեղ և սպանում, ուտում։ Կանանց բռնած տարան փաշայի մոտ, իսկ փաշան հրամայեց, չորս կնոջն էլ սպանել. այդպես էլ արին։

Բասենի գավառին մոտիկ մի գավառ կա, որի անունը Խալիյազի է. այժմ այդ գավառը անբնակ է։ Այստեղից էլ մի արդարամիտ ու բանիմաց մարդ, սա պատմեց, թե սովի ժամանակ երկու տղաներ մեզ մոտ էին բնակվում, քանի որ մենք ուտելու ցորեն ունեինք։ Եվ մի օր այդ տղաները չերևացին։ Իմ մեջ կասկած առաջացավ, թե տղաները ընկան մարդակեր մարդկանց ձեռքը և կեր դարձան: Մարդակեր մարդկանցից երկյուղելով՝ ինձ հետ առա երկու մարդ ևս, որովհետև ես էլ էի վախենում մենակ գնալ նրանց մոտ, գնացի կասկածելի տեղը, որտեղ հավաքվել էին բազմաթիվ սովալլուկ այր մարդիկ ու կանայք, որոնց վրա մարդակերության կասկած կար։ Երբ մտա տուն, նրանց հարցրի, նրանք