Էջ:Arakel of Tabriz, History.djvu/82

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

վարժվեցին ու համարձակություն ստացան մարդկանց հանդեպ, որ մինչև անգամ կենդանի մարդ էին պատառոտում ու ուտում։ Այս պատճառով ճանապարհների երթևեկությունը մարդագայլերի ահից դադարեց։ Գայլերը այնքան համարձակություն առան մարդկանց հանդեպ, որ գալիս էին շենամեջ, մտնում էին տները, ում որ հանդիպում էին՝ անկողնում քնած երեխայի, թե օրորոցում կամ թե կամ մայրերի գրկերում, վրա էին տալիս և բռնի կորզում էին գրկերից, օրորոցից, հափշտակում, առնում փախչում էին, տանում ուտում։ Այս զարմանալի ու սարսուռ ազդող բաները տեսած շատ մարդիկ կային, որոնցից յուրաքանչյուրը իր տեսածը պատմում էր։ Այն ժամանակվա գայլատար մանուկներից այժմ շատերը կան, որոնք դարձել են չափահաս մարդիկ ու ծերացել. սրանց գլխի երեսի ու մարմնի այլ տեղերի վրա տեսնվում են պատռված ու գիշատված վերքերի սպիներ, որոնք արել են գայլերը։ Երբ սրանց հարցնում ենք (մարմնի) գիշատվածների մասին, պատասխանում են, թե ինձ գայլը հափշտակեց, տարավ ուտելու, և շատ մարդիկ հավաքվել են ու ինձ ազատել գայլի բերանից։

Այս սովը եղավ երկու մեծ ծովերի, այսինքն՝ Սպիտակ ծովի և Սև ծովի միջև: Սև ծովին մոտիկ Կոստանդուպոլսի գավառներից մինչև Թավրիզի գավառները, Բաղդադից մինչև Դամուրղափու։ Այսքան սահմաններում սով եղավ ու սաստկացավ այնքան, որ մարդիկ շան, կատվի և այլ անմաքուր կենդանիների ու մարդու միս կերան, ինչպես որ պատմեցինք։ Սովը սկսվեց 1055 (1606) թվականին։ Այդ տարի թույլ էր սովը, խիստ չէր, իսկ 1056 (1607) թվականը մտնելիս և 1057 (1608)-ին սաստկացավ։ 1058 (1069) թվականին թուլացավ և 1059 (1610)-ին բոլորովին վերացավ ամենախնամող աստծու ողորմությամբ, որ լրիվ չի բարկանում իր ստեղծածների վրա և հավիտյան քեն չի պահում (նրանց դեմ), նրան փառք հավիտյանս ամեն։