Էջ:Arakel of Tabriz, History.djvu/84

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

վերջում բերդի բնակիչները՝ օսմանական զորքերը, նայում էին իրենց շուրջը (և տեսնում), որ իրենց ոչ մի տեղից օգնություն չկար. ոչ իրենք շրջակա քաղաքներից, ոչ էլ իրենց թագավորի արցունիքից, որովհետև շատ ջալալիներ կային օսմանյան երկրում, դրանք անունները անցյալ գլխում հիշեցինք, իսկ նրանք [օսմանցիք] նրանցով էին զբաղված։ Նաև Գանձակի փաշան ընկած էր պատերազմում, որի անունն էր Զնջիլղռան Ալի փաշա։ Բացի այդ նոր ձուլված թնդանոթը խիստ փլցնում էր պարիսպը, այդ պատճառով, ամեն կողմից նեղն ընկնելով, բերդը տվին պարսիկներին։ Երբ շահը Գանձակի բերդը գրավեց, տիրեց ողջ երկիրը և այնտեղ իշխող նշանակեց Աղսաղ Մահմադ խան անունով մեկին։

Մինչև այժմ շահը իր մոտ էր պահում Կախեթի Ալեքսանդր թագավորի թոռ Թամրազին, իսկ այժմ նրան ազատեց գնալու իր հայրենի երկիրը՝ նրան իշխանության հրաման տալով, որ տիրի իր հայրենի երկիրը և վարի իր թագավորական գործը։ Բայց մնա միաբան ու հնազանդ պարսից թագավորությանը։ Թամրազը գնաց Կախեթ՝ իր հայրենիքը, վարում էր թագավորական իշխանությունը և մնում էր պարսիկներին հնազանդ։

Նաև ոմանք ասացին, թե շահի՝ Գանձակ քաղաքը գրավելուց հետո, Գանձակի գավառում կար հավատքով մահմեդական մի ցեղ, որին իրենք էլ են անվանում, իսկ այս էլի անունը Չեկիրլու էին կոչում, որոնք օսմանցիների դավանանքին ու կրոնին էին, այսինքն՝ սյունի էին։ Շահը հրամայեց սրանց բոլորին մի վայրում՝ ինչ-որ տեղում հավաքել, որ հեղեղատ էր և ուներ նեղ մուտք պարսիկների պահպանությամբ։ [Հեղեղատը] որքան ներքև էր ձգվում, այնքան լայնանում էր, իսկ եզրերը բարձր փուլեր էին, որոնցից չէին կարող բարձրանալ և փախչել: Շահը հրամայեց նրանց բոլորին այնտեղ սրածելով սպանել տղամարդկանց, կանանց ծերերին, տղաներին, մինչև անգամ մատղաշ մարդկանց էլ կոտորեցին, բնաջինջ արին։

Իսկ Շահ-Աբաս թագավորը Գանձակի բերդը գրավելուց և ամբողջ երկիրը տիրելուց հետո սկսեց ճանապարհ ընկնել և գնալ վրաց կողմերը՝ Թիֆլիս քաղաքը։ Իր հետ առավ զորքերից մնացածներին, նաև այն օսմանցիներին, որոնք բերդի